Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աբաս Մուսավին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ֆարսիով արած թվիթերյան գրառումը, նշել է, որ «նա իրավունք չուներ պղծել հնամենի պարսկերեն լեզուն»:
«Դուք իսկապե՞ս կանգնած եք իրանցի ժողովրդի կողքին, որի հերոսին սպանեցիք, թե՞ նրանց դեմ եք»,- Մուսավիի խոսքը մեջբերում է en.irna.ir կայքը:
Խոսնակն ընդգծել է, որ «սպառնալիքներով արատավորված ձեռքերն ու լեզուներն իրավունք չունեն պղծել պարսկերենը»:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին իր պաշտոնական թվիթերյան էջում պարսկերեն գրառում էր արել՝ դիմելով իրանցիներին:
«Դիմում եմ Իրանի քաջ և տառապյալ ժողովրդին, նախագահությանս սկզբից ես ձեր կողքին եմ եղել, և իմ վարչակազմը կշարունակի ձեր կողքին մնալ: Մենք ուշադիր հետևում ենք ձեր ցույցերին, և ոգեշնչված ենք ձեր խիզախությամբ: Իրանի կառավարությունը պետք է իրավապաշտպան խմբերին թույլ տա հետևել և փաստեր փոխանցել իրանցի ժողովրդի կազմակերպած ցույցերի վերաբերյալ: Խաղաղ ցուցարարների ևս մի սպանդ կամ ինտերնետ կապի անջատում չի կարող լինել: Աշխարհը հետևում է»,-գրել էր նախագահը:
Թրամփն իր էջում նաև տեղադրել էր պարսկերեն գրառման անգլերեն տարբերակը:
Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին Թեհրանում հակակառավարական ցույցեր են սկսվել. ցուցարարները պահանջում են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժարականը: Իրանցիների պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ է զոհվել:
Իրանի իշխանությունները խոստովանել են, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:
مشاور امنیت ملی امروز عنوان کرد كه تحریم ها و اعتراضات، ایران را«به شدت تحت فشار»قرار داده است و آنها را مجبور به مذاكره می كند.در واقع، اصلا برایم اهمیتی نداردکه آیا آنها مذاکره می کنند یا نه.این کاملاً به عهده ی خودشان است، اما سلاح هسته ای نداشته باشیدو«معترضان خود را نکشید.» https://t.co/DBGGs8QFcJ
— Donald J. Trump (@realDonaldTrump) 13 января 2020 г.
0Comments