Փաշինյանը կպատասխանի՞ Սաակաշվիլիի հայտարարությանը

Վրացի պաշտոնյան հայտարարեց՝ սա սխալ գնահատական է

«Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին: Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝ ստորեւ)։ Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով »,-մեկ շաբաթ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես կարելի էր ենթադրել, վրացական կողմից պատասխանը չուշացավ: Մեր հարևանը որոշեց Հայաստանի վարչապետին պատասխանել ոչ թե նախագահի կամ վարչապետի մակարդակով, այլ «ընդամենը» Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի շուրթերով:

Վրացի պաշտոնյան հայտարարեց. «Սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդոլոգիային: Նշեմ, որ Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ: Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդոլոգիայով, սակայն սա տեղի է ունեցել ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալները արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում: Հավատացեք, որ այս բարձր տնտեսական աճի պայմաններում, մեր գնահատմամբ, ՀՆԱ-ն մեկ շնչին Վրաստանում կհասնի 4, 700 դոլարի: Հետևաբար, ԱՄՀ-ի հաջորդ ամփոփման մեջ այս ամենը կարտացոլվի»:

Ավելի ուշ՝ 3 օր առաջ, հեգնական տոնով ՀՀ կառավարության ղեկավարին պատասխանեց նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով մինչ այդ պահը միայն գովասանքի խոսքեր էր ասում Նիկոլ Փաշինյանի մասին: Սաակաշվիլին նշեց, որ Տիգրան Մեծից հետո Հայաստանի ՀՆԱ-ն երբեք Վրաստանի ՀՆԱ-ից չի անցել:

Վրաստանի նախկին նախագահին Հայաստանից պատասխանեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով «կանգնեց Նիկոլ Փաշինյանի թասիբին», գուցե հենց Նիկոլ Փաշինյանի հորդորով:

ՀՀ վարչապետը դեռ լռում է: Հանրությունը ստիպված պետք է սեփական ուժերով եզրակացություն անի՝ կամ Փաշինյանը «ռումբ է պատրաստում» կամ հետևում է հայտնի «լռությունը համաձայնության նշան է» խոսքին:

Նյութի աղբյուրը՝ analitik.am