Մեծ Բրիտանիայի դեսպան Մաքեյրը կանչվել է Իրանի արտգործնախարարություն՝ բացատրություն տալու

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ Իրանը պաշտոնապես բողոքի նոտա է հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությանը

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրը կանչվել է երկրի արտգործնախարարություն, որպեսզի բացատրություն տա Թեհրանում կայացած ապօրինի հավաքին իր մասնակցության վերաբերյալ, հայտնում է en.irna.ir կայքը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ Իրանը պաշտոնապես բողոքի նոտա է հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությանը:

Իշխանությունները դեսպանին հիշեցրել են, որ օտարերկրյա դիվանագետների մասնակցությունն ապօրինի հավաքներին չի մտնում իրենց պարտականությունների մեջ և հակասում է դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային:

Հիշեցնենք, որ Թեհրանում նախօրեին հակակառավարական ցույցեր են մեկնարկել. ցուցարարները պահանջում են երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Իրանցիների պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ էր զոհվել:

Իրանի իշխանությունները նախօրեին խոստովանել էին, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:

Ավելի վաղ Live24.am-ը հաղորդել էր, որ Մաքեյրը ձերբակալվել է հակակառավարական ցույցին մասնակցելու համար և ավելի քան մեկ ժամ ոստիկանական բաժանմունքում պահվել: Ինքը՝ դեսպանը հերքել է հակակառավարական ցույցին մասնակցելու լուրը։ 

«Կարող եմ հաստատել, որ որևէ ցույցի չեմ մասնակցել»,- գրել է դիվանագետը՝ մանրամասնելով, որ մասնակցել է Իրանի իշխանությունների հարվածի հետևանքով օրեր առաջ կործանված օդանավի 176 զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված արարողությանը:

«Նորմալ է, երբ ցանկանում ես հարգանքի տուրք մատուցել զոհվածներին, որոնց մի մասը բրիտանացի էին: Երբ մարդիկ սկսեցին կարգախոսներ բղավել, հինգ րոպե անց ես հեռացա»,- հավելել է դեսպանը: