Թրամփի վարչակազմը մտադիր է մեկուսացնել Իրանին դիվանագիտական եւ տնտեսական առումով. Պետդեպ

«Քանի դեռ նրանք չեն վարվում որպես նորմալ ժողովուրդ». Մորգան Օրթեգուս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մեկուսացնել Իրանին դիվանագիտական եւ տնտեսական առումով, «քանի դեռ նրանք չեն վարվում որպես նորմալ ժողովուրդ», հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի մամուլի քարտուղար Մորգան Օրթեգուսը Fox News հեռուստաալիքի եթերում:

Օրթեգուսի խոսքով՝ կարեւոր է հիշել, որ Իրանն ավելի վաղ հերքում էր իր մեղքը (ուկրաինական ինքնաթիռի կործանման մեջ) եւ «դա բուռն կերպով հերքվում էր նաեւ ռուսական ԶԼՄ-երի կողմից»:

«Այնպես, որ եղել է ապատեղեկատվություն»,-հայտարարել է Պետդեպի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն անվանել է Իրան ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին «բարձր մակարդակի պրոպագանդիստ»:

Օրթեգուսը նաեւ հայտարարել է հեռուստաալիքի եթերում, որ «Իրանը շարունակում է մնալ որպես աշխարհում խոշորագույն պետությունը, որը հովանավորում է ահաբեկչությունը»:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ բոլոր կողմերը, որոնք Իրանի հետ կնքել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ) կլսեն նրա կոչն ու «դուրս կգան այդ սկզբունքորեն սխալ գործարքից»: