Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մակերի կալանավորումը միջազգային իրավունքի խախտում է: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը:
«Առանց բացատրությունների ու հիմնավորման մեր դեսպանի կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», — նշված է բրիտանական արտաքին գերատեսչության կայքում:
Նախարարը նաև հավելել է, որ Իրանի կառավարությունն այս պահին կանգնած է «ընտրության առաջ»:
Նա հայտարարել է, որ Իրանը կարող է շարունակել ընթանալ քաղաքական և տնտեսական մեկուսացման ճանապարհով կամ էլ ընտրել դեէսկալացիայի և դիվանագիտական կարգավորումների ճանապարհը:
Ավելի վաղ Live24.am-ը հայտնել էր, որ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մակերը մի քանի ժամով կալանավորվել է՝ Իրանում բողոքի ակցիաներ կազմակերպելու համար:
Հիշեցնենք՝ դրանք անցկացվել են Թեհրանում՝ շաբաթ օրը՝ հունվարի 11-ին:
0Comments