Պուտին-Մերկել բանակցություններն ավարտվել են. ի՞նչ են քննարկել առաջնորդները

Պուտինը հայտարարել է, որ եթե Լիբիայում գործում են ռուս վարձու զինվորականներ, ապա նրանք չեն ներկայացնում ռուսական պետության շահերը և գումար չեն ստանում ՌԴ-ից

Ռուսաստանը և Գերմանիան կողմ են հանդես գալիս իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված պայմանագրի իրականացմանը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը նշել է, որ Իրանի հետ հաշվարկների մեխանիզմը վերջապես պետք է գործարկվի:

«Իրանցիներն իրավունք ունեն հույսները դնելու եվրոպական երկրների աջակցության վրա, որոնք խոստացել էին դոլարից անկախ, հատուկ ֆինանսական մեխանիզմ ստեղծել Իրանի հետ առևտրում հաշվարկներ անելու համար: Հարկավոր է, որ առևտրային փոխանակումների համար ինստիտուտը վերջնական արդյունքում սկսի աշխատել»,- ասել է Պուտինը:  

Կողմերն անդրադարձել են նաև մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ մինսկյան համաձայնագրերի իրականացմանը: Պուտինն ընդգծել է, որ դրանց իրագործումը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման միակ հիմքն է: Պուտինի խոսքով՝ Բեռլինը ևս համաձայն է այդ կարծիքին:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Մերկելն ու Պուտինն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի այլ կարևորագույն հարցերի, ինչպես օրինակ՝ Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակներին, փոխանցում է tert.am-ը:

Պուտինը հայտարարել է, որ եթե Լիբիայում գործում են ռուս վարձու զինվորականներ, ապա նրանք չեն ներկայացնում ռուսական պետության շահերը և գումար չեն ստանում ՌԴ-ից:

Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը քննարկելիս կողմերը կիսել են այն միտքը, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական միջոցներով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համապատասխան:

Բանակցությունների ավարտին կայացած համատեղ ասուլիսում առաջնորդները պատասխանել են «Հյուսիսային հոսք 2» գազատարի մասին հարցերին: Պուտինը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա սեփական ուժերով ավարտին հասցնել գազատարի կառուցումը: Մերկելն, իր հերթին, դեմ է հանդես եկել գազատարի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին՝ նախագիծը կոմերցիոն անվանելով: