«Ուկրաինական ինքնաթիռը Իրանի ՀՕՊ համակարգը շփոթել է թևավոր հրթիռի հետ». ԻԻՀՊԿ

«Մենք ամբողջական պատասխանատվություն ենք կրում դրա համար, և ինչ որոշում էլ կայացնեն իշխանությունները, մենք ենթարկվելու ենք դրան»

Իրանի հակաօդային պաշտպանության համակարգն ուկրաինական ինքնաթիռը շփոթել է թևավոր հրթիռի հետ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, գրում է ria.ru-ն:

Միևնույն ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ամբողջովին ստանձնել է ուկրաինական ինքնաթիռի խոցման համար պատասխանատվությունը և պատրաստ է ենթարկվել խշխանությունների ցանկացած որոշմանը:

«Մենք ամբողջական պատասխանատվություն ենք կրում դրա համար, և ինչ որոշում էլ կայացնեն իշխանությունները, մենք ենթարկվելու ենք դրան»,- ընդգծել էր նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իրանը խոստովանել է, որ սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր խոսքում, մասնավորապես, նշել էր. «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել»:

«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- ասել է Ռոհանին: