Սա ազդակ է բոլոր արտաքին ներդրողներին, թե ինչի հանգեցրեց կառավարության անգործությունը

Ուզում եմ նաև ոմանց համար հստակ լինի՝ հանքավայրը տեղում է, ոսկին՝ նույնպես, օրինական թույլտվությունները՝ ևս. «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն

Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշում է կայացրել 2020թ. փետրվարի 5-ից Լիդիան ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ: Բորսայի կայքի փոխանցմամբ, այս որոշումը կայացվել է ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է:

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 23-ին Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել էր «Լիդիանի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը եւ դիտարկվում էր «Լիդիանի» սովորական բաժնետոմսերը Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակելու հնարավորությունը CCAA-ի պաշտպանության շրջանակներում:

«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին հարց ուղղեցինք, թե ի՞նչ է նշանակում ընկերության ապացուցակումը Տորոնտոյի ֆոնդային բորսայից։ Ինչո՞ւ է բորսան՝ TSX-ը հայտարարել «Լիդիանի» ապացուցակման մասին։ Եվ ի՞նչ է դա նշանակելու «Լիդիանի» հետագա գործունեության առումով։

– Նախ այս մասին հայտարարել էր «Լիդիանը» դեռևս դեկտեմբերի 25 ին ու զարմանում եմ՝ ինչո՞ւ է այս շաբաթ դա ներկայացվում որպես անսպասելի նորություն։ Դա ընկերության ռեստրուկտուրիզացիայի բնականոն մաս է։ Երբ ընկերությունը հայտարարում է դատարանից պաշտպանություն ստանալու մասին, սկսվում է ընկերության ապացուցակման գործընթացը։ Ճգնաժամի հաղթահարման և իրավիճակի փոփոխության դեպքում՝ ընկերությունը կարող է դիմել վերացուցակման։

Հիմա այն մասին, թե ի՞նչ է սա նշանակում։ Երկրի համար՝ ոչ մի լավ բան, քանի որ սա ազդակ է բոլոր արտաքին ներդրողներին, որ կառավարության անգործությունը հանգեցրեց TSX-ի նման հեղինակավոր հարթակում ցուցակված Հայաստանի միակ, ուզում եմ կրկնել՝ միակ ներդրողի ֆինանսական նման ճգնաժամի և ապացուցակման։ Միտումնավո՞ր, թե՞ անփորձության հետևանքով, դա արդեն երկրի հեղինակության վրա բացասական ազդեցության տեսանկյունից էական չէ։ Ի՞նչ է սա նշանակում «Լիդիանի» գործունեության համար. ուզում եմ հստակ լինի՝ Ամուլսարի շահագործման իրավունքների տեսանկյունից ոչ մի բան չի փոխվել։ Ընկերությունը, ինչպես և հայտարարվել էր դեկտեմբերի 25-ին, շարունակում է տիրապետել Ամուլսարի հանդեպ բոլոր օրինական իրավունքները և կարող է թե՛ դիմել արբիտրաժ, թե՛ վաճառել ծրագիրը, թե՛ ներգրավել նոր միջոցներ՝ ծրագիրը վերսկսելու համար և կամ՝ այս բոլոր տարբերակների համադրությունը։ Մի առիթով ասել եմ՝ Ամուլսարի դեմ այս գործընթացը Հայաստանի Հանրապետությանը վնասից բացի ոչ մի օգուտ չի բերել։ Ու Ամուլսարի նման ծրագրից, «Լիդիանի» նման ընկերության առկայությունից օգտվելու փոխարեն երկիրը, ոմանց քմահաճույքով, շարունակում է խրվել գնալով մեծացող խնդրի մեջ։

-Սա շրջելի՞ պրոցես է։

– Առայժմ դեռ այո, բայց գնալով՝ էլ ավելի բարդ։ Ուզում եմ նաև ոմանց համար հստակ լինի՝ հանքավայրը տեղում է, ոսկին՝ նույնպես, օրինական թույլտվությունները՝ ևս։

Նյութի աղբյուրը՝ 168.am