«Ամուսնացիր՝ կանցնի» արտահայտությունն արժանապատվությունից զուրկ մարդու արտահայտություն է

Խմբակցությունը պետք է հարցը քննարկի. Սոֆյա Հովսեփյան

Փաստացի բարոյականությունից հեռու, արժանապատվությունից զուրկ մարդու  արտահայտություն է, ի՞նչ մեկնաբանեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային  ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախակին փոխմարզպետ Սոֆյա  Հովսեփյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի՝ իրեն ուղղված հայտարարությանը, որում վերջինս Մարալիկի ծննդատան փակման թեմայով Սոֆյա Հովսեփյանի հարցազրույցին արձագանքելով նրան հորդորել էր խոսել «ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով», ապա ավելացրել, թե «ամուսնացիր՝ կանցնի»։

«Նրա մեկնաբանությունը հեգնանք չէր, կրկնում եմ՝ բարոյականությունից հեռու արտահայտություն է: Մեկնաբանությանը  պետք է արձագանքեն Կարեն Սարուխանյանի ընտրողները, կարծում եմ՝ խմբակցությունը ևս այս հարցը պարտադիր պետք է քննարկի: Չեմ կարծում, որ սա այսպես պետք է  թողնել»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ ասաց, որ Սոֆյա Հովսեփյանի կողմից իր հասցեին   Մարալիկի հիվանդանոցի ծննդատան փակման հետ հնչեցված հայտարարություններին կոշտ չի արձագանքել, պարզապես հորդորել է հարգել իր կարգավիճակը և խոսել ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով: 

Ինչ վերաբերում ամուսնանալու կոչին, ապա Կարեն Սարուխանյանն ասաց, որ դրա մեջ հեգնանք չկա: «Եթե ուշադիր նայեք գրառումը, ապա կտեսնեք, որ նույնիսկ ժպիտ եմ դրել: Բավականին մանրամասն ներկայացրել եմ, թե ինչի հետ համամիտ չեմ, ինչ է կատարվել  իրականում»- ընդգծեց նա: 

Կարեն Սարուխանյանը նշեց, որ Մարալիկի ծննդատան փակման հարցում կիսում է  համակարգող գերատեսչության դիրքորոշումը, քանի որ նրանք ավելի տեղեկացած են, թե ինչ է  կատարվում այնտեղ։ Երբ ինքը մարզպետ էր, այդ ժամանակ փակման  վերաբերյալ որոշում չէր  եղել, զուտ խոսակցությունների մակարդակում էր հարցը: Ըստ նրա՝ հիվանդանոցի խնդիրը  կապված ոչ թե 18 տարեց աշխատակիցներին չազատելու, այլ ծնելիության ցածր մակարդակի հետ: 

Հիշեցնենք, որ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, երեկ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մարալիկի ծննդատան փակմանը, ասել էր, որ առողջապահության նախարարությունը հիվանդանոց փակելը որդեգրել է որպես վարքագիծ: 

Սոֆյա Հովսեփյանի հայտարարությունը լայն քննարկման առարկա էր դարձել։ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, թե Սոֆյա Հովսեփյանը ժամանկին փոխմարզպետ էր և կարող էր զբաղվել խնդրի  լուծմամբ: Գրառումը մեկնաբանել էր նաև Սոֆյա Հովսեփյանը՝ մեղադրանքներ հնչեցնելով  նախակին մարզպետ Կարեն Սարուխանյանի  հասցեին:

«Այո դուք ճիշտ եք, և ես զբաղվել եմ, հիմա, քանի որ բաց է, ապա բաց խոսեմ։ 18 աշխատակիցներին տրվեց ծանուցում, որ պետք է ազատվեն, որպեսզի գումար տնտեսվեր, քանի որ ուռճացված հաստիքներ էին, երկու ամիս անց, երբ պետք է ազատման հրամանը լիներ, գործող մարզպետը կանխեց, քանի որ ըստ տնօրենի հավաստման՝ մի կրճատվողի որդի, որի մայրը ամենատարեցն էր, զանգել էր մարզպետին և գործը կանխվեց։ Մարզպետն առաջարկել էր գոնե այդ մեկին թողնեն և մնացածին կրճատեն, սակայն տնօրենը չէր արել, բոլորին պահել էր, թեև ես հորդորեցի, որ դա արատավոր երևույթի շարունակություն է, պահանջեցի կրճատել բոլորին ու առաջացավ բախում, և խնդիրը ներկայացրել եմ, թե՛ նախարարին, թե՛ մի շարք այլ անձանց։ Հաստատությունը դրա պատճառով ամսական շուրջ 1 մլն մինուս գնաց, սակայն տնօրենը, վախեցած մարզպետի հրահանգից, չկրճատեց: Արդյունքում իմ և մարզպետի հարաբերությունները սրվեցին։ Դրանից հետո ընտրվել եմ և եկել ԱԺ։ Այդ նույն հարցով մի քանի անգամ դիմել եմ նախարարի խորհրդականներին, փոխնախարարի, բայց զինվորական տղայի զանգը զորեղ էր։ Արդյունքը՝ սա։ Վերջին հորդորս եղել է տնօրենին մեկ ամիս առաջ, ասաց՝ քննարկում կանեմ, քննարկման արդյունքը ծննդատան փակումն էր և սա կփաստեն բոլոր աշխատակիցները, քանի որ այն ժամանակ նույնպես իմ ջանքերով պահվեց»,-մեկնաբանել էր նա:

Կարեն Սարուխանյանը նույնպես մեկնաբանություն էր թողել՝ Սոֆյա  Հովսեփյանին մեղադրելով սուտ խոսելու մեջ:

«Սոֆյան որքան էլ, որ համակարգել է առողջապահության և կրթության ոլորտը, ի զարմանս ինձ, պարզվում է, որ տեղյակ չի եղել իր կողմից համակարգվող հաստատության ֆինանսական վիճակից և այստեղ ապատեղեկատվություն է փորձում տարածել, որն էլ շեշտեմ, որ բացարձակ անհիմն է և ստեղծագործ ժանրին է բնորոշ։

Այո, 2018 թվականի հունիսի 1-ից ես պաշտոնավարել եմ Շիրակի մարզում որպես մարզպետ ու բավականին բարդ փուլում՝ հետհեղափոխական։

Մարալիկի ԱԿ–ի տնօրենը, ում ես եմ նշանակել ԺՊ (Սոֆյա Հովսեփյանի առաջարկությամբ՝ որպես ոլորտը համակարգող) դեռ իմ կողմից ԺՊ նշանակելուց 1 ամիս հետո, երբ չէր կարող ամբողջական պատկերացում ունենալ ԱԿ-ի աշխատանքների մասին, ինձ դիմել է, որ ցանկանում է աշխատանքից ազատել 18 հոգու, ովքեր տարեց են և դիմել է այն ժամանակ, երբ Մարալիկում առանց այն էլ լարված իրավիճակ էր՝ համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով մարդիկ փողոցներ էին փակում։

Ես առաջնահերթ մտածել եմ տարածքի խաղաղության պահպանման համար և ավելորդ լարվածություններ թույլ չեմ տվել։ Այո, նպատակահարմար չեմ գտել ազատումը և որպես վերադաս խորհուրդ եմ տվել տնօրենի ԺՊ-ին խուսափել ազատումներից, քանի որ դեռ ԺՊ է (ասեմ, որ արդեն 1 տարուց ավել է՝ ԺՊ է, քանի որ մրցույթներին մասնակցել և կտրվել է)։

Բացի դրանից, հիմնվել եմ այդ տարի սույն հաստատությունում մարզպետարանի կողմից կատարած ֆինանսական աուդիտի արդյունքների վրա, որտեղ հստակ նշվում է, որ ֆինանսական ծանր պայմանների է հասցրել ԱԿ-ում ոչ թե այդ աշխատողների լինելու հանգամանքը, այլ ծննդատան աշխատանքը՝ կախված ծնելիության քանակի նվազ լինելուց։

Սոֆյա Հովսեփյանը կարող է ծանոթանալ այդ փաստերին։

Իսկ ինչ մնում է, որ ես ինչ-որ մեկի զանգով, կամ ինչ–որ մեկի համար չեմ արել դա, ապա Սոֆյան ուղղակի սուտ է խոսում, ես երբեք որևէ մեկի զանգով չեմ առաջնորդվել իմ որոշումների կայացման փուլում, որևէ մեկին հովանավորչություն չեմ արել։
Այսքանը, կներեք, որ երկար էր, էլ այստեղ չեմ շարունակելու։ Այն ամենն ինչ գրված է՝ բոլորն ապացուցման ենթակա է:

Իսկ Սոֆյային երկու խորհուրդ կտամ.

1. Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով։ 

2.Ամուսնացիր՝ կանցնի»,– գրել էր Սարուխանյանը՝ գրառումն ավարտելով սմայլիկով։