Որոշ նախարարների գործողություններ նման են Նիկոլ Փաշինյանի տակ դրված ականների: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ արդեն Նոր տարում Իրանի շուրջ լարվածության կապակցությամբ Փաշինյանը կոչ արեց «հանգիստ նստել տեղները», քանի որ պետական ինստիտուտներն ու ամեն ինչ վերահսկողության տակ է: «Սակայն շատ արագ հաջորդեց բացարձակ այլ հայտարարություն ֆեյքի մասին: Այդ մասին լուրը հասավ մինչեւ Իրան: Արդյունքում այս փուլում տեղեկատվական պատերազմում Հայաստանը պարտվեց»,- ասաց Հակոբյանը:
Պետական ապարատում հակասությունների մասին հայտարարություն անելու համար, փորձագետի խոսքով, անհրաժեշտ են լուրջ եւ կշռադատված հիմքեր: «Այդ պատճառով նշեմ, որ ապարատն արդյունավետ չի աշխատում: Սակայն մի բան պարզ է. եթե պետական ապարատի մի մասն արդյունավետ չի աշխատում, ապա, առաջին հերթին, պետք է փոխել այդ ոլորտի քաղաքական ղեկավարությանը՝ նախարարներին եւ նրանց տեղակալներին»,- ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ որոշ ղեկավարների դեպքում տպավորություն է ստեղծվում, որ նրանք շատ բաներ միտումնավոր են անում:
Նա կոնկրետ օրինակներ չբերեց, սակայն նշեց, որ օրինակները շատ են: Ընդ որում, Վիգեն Հակոբյանը նշեց, որ անցած տարի աղմկահարույց գործերը վերաբերել են անհեթեթ թեմաների, եւ լուրջ սխալներ են կատարվել:
«Հնարավոր է, որ դա կանխամտածված է արվել, հակառակ դեպքում կոնկրետ նախարարը վաղուց պետք է լքեր պաշտոնը: Ողջ ընթացքում փոխվել է միայն մեկ նախարար՝ Արտակ Զեյնալյանը, որը պարզապես Փաշինյանի թիմի անդամ չէր: Եվ եթե նա դժգոհ է պետական ապարատից, ինչո՞ւ չի փոխում ղեկավարությանը: Այստեղ հարց է առաջանում՝ պե՞տք է արդյոք համակարգ, որտեղ ամեն ինչ որոշում է մեկը: Պե՞տք է փոխել պաշտոնյաներին: Հատկապես, եթե ընտրում են նրանց, ովքեր քայլել են Փաշինյանի հետ: Եվ եւս մեկ հարց՝ եթե ամբողջ պետական ապարատը «ընդդիմանում է», ի՞նչ «աննախադեպ» տնտեսական արդյունքների մասին է խոսում վարչապետը»,- հարց ուղղեց քաղտեխնոլոգը:
0Comments