Կարապետյանի ազատման պատճառները մի քանիսն են...

Փաշինյանն այսպիսով «նվեր» արեց Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը՝ նրա մերձավոր շրջանակից նշանակված Կարապետյանին ազատելով աշխատանքից

Քիչ առաջ  Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ այլևս վարչապետի մամուլի քարտուղարը չէ.

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»։

Փաստորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսով «նվեր» արեց Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը՝ նրա մերձավոր շրջանակից նշանակված Կարապետյանին ազատելով աշխատանքից։

Կարապետյանի ազատման պատճառներից մեկն էլ ըստ տեղեկությունների՝ այդ շրջանակներում ինֆորմացիա տանել-բերելն էր, ինչը Նիկոլ Փաշինյանի դուրը չէր գալիս: Բացի այդ վերջինս դժգոհ էր Կարապետյանի գործունեությունից՝ հաղորդագրություններն էր վատ պատրաստում, անհավասարակշիռ մեկնաբանություններ հանդես գալիս, եւ, ամենակարեւորը՝ չէր կարողանում կարգավորել լրատվական դաշտը, ավելի ճիշտ՝ կոնտրոլ չէր անում: Հավանաբար նրան կփոխարինի այնպիսի կադր, որը կարդարացնի Փաշինյանի այս բոլոր սպասելիքները:

Նշենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից կազատվի Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, իսկ քիչ ավելի ուշ նույն ճակատագրին կարժանանա վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։
Նա գրել էր․
«Չար լեզուները ասում են, որ շատ շուտով Նիկոլ Փաշինյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից կազատվի Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, իսկ քիչ ավելի ուշ նույն ճակատագրին կարժանանա Հովհաննես Մովսիսյանը: Փաշինյանը դժգոհ է Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից, դրա համար նաև հիմք է հանդիսացել այն, որ Կարապետյանը Պուտինին հարց տալու համար գաղտնի ակրեդիտացիա էր տվել Ռուսթավի 2 հեռուստաալիքի լրագրողին և որքան էլ զարմանալի է Փաշինյանը չի կարողացել Կրեմլում կռուտիտ անել թեման: Հովհաննես Մովսիսյանի պարագայում, իմ ունեցած տեղեկություններով, պատճառը ֆեյքերի ֆաբրիկայի ոչ բավարար աշխատանքն է, որի վրա հսկայական միջոցներ են ծախսվում, բայց ըստ էության Փաշինյանն ինքն էլ է հասկանում, որ դրանք այլևս քիչ ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա:
Կարճ ասած վերոնշյալ պաշտոնյաներն ամենայն հավանականությամբ կհեռացվեն աշխատանքից և պատմության մեջ կմնան, որպես Պոպուլիզմի իշխանության հավատավոր ծռաներ...»։

Իսկ արդեն Կարապետյանի ազատումից հետո վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն է «ապերախտ» որոշում որակել՝ հաստատելով, որ նրան ազատել են այդ աշխատանքից:«Վովային ճանաչում եմ 2002-ից, երբ նա Թբիլիսիում ՀՀ դեսպանության դիվանագետներից էր, ես սովորում էի GIPA-ում։
Գործին նվիրյալ և ձեռագիր ունեցող մարդ։
Նիկոլի հետ աշխատեց՝ իր վրա վերցնելով շատ հարվածներ»։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am