Լեհաստանի դեսպանը տարհանվել է Իրաքից

Բրիտանացիների հետ միասին, որոնց հետ կիսում ենք դեսպանատան շենքը, մենք որոշեցինք, որ անվտանգության նկատառումներով ճիշտ կլինի, որ դեսպանը վերադառնա

Իրաքում Լեհաստանի դեսպան Բեատա Պեքսան տարհանվել է Իրաքից, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Լեհաստանի փոխարտգործնախարար Մարչին Պշիդաչին: 

«Ես կարող եմ հաստատել, որ դեսպանը վերադարձել է Իրաքից և այսօր գտնվում է Վարշավայում», - նշել է  փոխնախարարը:

«Բրիտանացիների հետ միասին, որոնց հետ կիսում ենք դեսպանատան շենքը, մենք որոշեցինք, որ անվտանգության նկատառումներով ճիշտ կլինի, որ դեսպանը վերադառնա»,- հավելել է նա:

Պատճառն Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրումն է. լույս չորեքշաբթի Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Իրաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար պատասխան գործողությունների սկսման մասին: Այնուհետև Իրանից հրթիռներ են արձակվել Իրաքի արևմուտքում գտնվող «Այն ալ-Ասադ» և Էրբիլի ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ գտնվում է ամերիկյան զորակազմը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: