Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը դատապարտել է Իրանին

Մենք դատապարտում ենք Իրանի կողմից իրաքյան ռազմաբազաների հրթիռակոծությունը, որտեղ տեղակայված են կոալիցիոն ուժերը

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը դատապարտել է Իրանին` Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակում իրականացնելու համար և կոչ է արել Թեհրանին զերծ մնալ հակամարտության սրմանը տանող քայլերից, ըստ tert.am-ի՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից իրաքյան ռազմաբազաների հրթիռակոծությունը, որտեղ տեղակայված են կոալիցիոն ուժերը: Իրանին կոչ ենք անում ձեռնպահ մնալ հետագայում էսկալացիայի տանող ցանկացած քայլից»,- Գերմանիայի արտգործնախարարությունը մեջբերում է նախարարի խոսքերը:

Նա հավելել է, որ Բեռլինը հակամարտության բոլոր կողմերի հետ կապ է պահում: «Բոլորը պետք է այս իրավիճակում զգուշություն և զսպվածություն ցուցաբերեն»,- նշել է Մաասը:

Լույս չորեքշաբթի Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար պատասխան գործողությունների սկսման մասին: Այնուհետև Իրանից հրթիռներ են արձակվել Իրաքի արևմուտքում գտնվող «Այն ալ-Ասադ» և Էրբիլի ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ գտնվում է ամերիկյան զորակազմը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: