Իրանում կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները մահացել են. Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատել է

Իրանական Tasnim գործակալության համաձայն` ինքնաթիռում գտնվել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության վարչությունը հաստատել է Իրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների մահը: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ ընկերության ներկայացուցչի տեղեկության համաձայն` 2020 թվականի հունվարի 8-ին Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից (քաղաք Թեհրան) կատարած թռիչքից հետո ընկերության ինքնաթիռն աղետի է ենթարկվել և ընկել օդանավակայանից ոչ հեռու: Տեղեկության համաձայն, որը դեռևս հստակեցվում է, նշված ուղղության ուղևորները և անձնակազմի անդամները մահացել են»,-ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Իրանական Tasnim գործակալության համաձայն` ինքնաթիռում գտնվել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Live24.am-ը, կործանվել է Թեհրան – Կիև մարդատար «Բոյինգ 737»-ը: Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Բոյինգ 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանի մոտ: Ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանից մեկնել է, Իրանի ժամանակով առավոտյան 6:12-ին, գրեթե մեկ ժամ ուշացումով, և րոպեներ անց էկրաններից անհետացել է: