Իրանը տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել ամերիկյան ռազմական օբյեկտների վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակումը գեներալ Ղասիմ Սոլեյմանիի սպանության պատասխանն է

Իրանի զինված ուժերը հունվարի 8-ին՝ ուշ գիշերին, մի քանի տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակել Իրաքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Պաշտոնական Պենտագոնի տարածած տեղեկատվության համաձայն ռմբահարման արդյունքում տուժել է Էրբիլում գտնվող ռազմակայանը, ինչպես նաև Այն-ալ-Ասադ ավիացիոն բազան։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին հայտարարել է, որ հանդես է գալու երկրի քաղաքացիներին ուղղված կոչով։ 

«Ամեն ինչ լավ է։ Իրանը հրթիռներ է արձակել Իրաքում գտնվող մեր երկու ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Մենք ունենք աշխարհում ամենաուժեղ զինված ուժերը։ Չորեքշաբթի հանդես կգամ հայտարարությամբ», - ասել է Թրամփը։ 

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածած հայտարարության մեջ էլ ասվում է, որ այդ երկիրն իրեն իրավունք է վերապահում հարվածել ցանկացած ամերիկյան ցանկացած ռազմաբազայի, որը կապ ունի Իրանի դեմ ռազմական ագրեսիայի հետ։ 

Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ Իրաքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակումը գեներալ Ղասիմ Սոլեյմանիի սպանության պատասխանն է։