Թուրքիան առաջարկում է միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև

«Սոլեյմանիի սպանությունը փոխել է հավասարակշռությունը ոչ միայն Իրաքում, այլ նաև Իրանում, ինչը կարող է հանգեցնել արմատական խմբավորումների ուժեղացմանը». Չավուշօղլու
թրամփ

Թուրքիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ըստ tert.am-ի՝ հայտնում է Reuters-ը: 

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ–ի և Իրանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար սերտ կապեր ունի Վաշինգտոնի և Թեհրանի հետ:

«Մենք կշարունակենք աշխատել այլ երկրների հետ` առաջիկա օրերին այս խնդիրը լուծելու կամ լարվածությունը նվազեցնելու նպատակով»,- հայտնել է նախարարը: 

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իրաքի իշխանություններին չշտապել երկրից կոալիցիոն ուժերի դուրսբերման հարցում:

«Սուլեյմանիի սպանությունը փոխել է հավասարակշռությունը ոչ միայն Իրաքում, այլ նաև Իրանում, ինչը կարող է հանգեցնել արմատական խմբավորումների ուժեղացմանը»,- եզրափակել է Չավուշօղլուն:

ԱՄՆ-ի և Իրաքի միջև հարաբերությունները սրվել էր ԱՄՆ-ի կողմից Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետո: 

Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար: