Գիտակցված սիրո տարի թող լինի

Իմ Նոր տարին իրականում սկսվում է Սուրբ Ծննդից, երբ ճրագալույցի պատարագից հետո հոգիդ սիրով լի ու վշտից թեթև` դուրս ես գալիս Եկեղեցուց, ձեռքիդ` մոմի լույսը, հոգումդ` Տիրոջ լույսը

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իմ Նոր տարին իրականում սկսվում է Սուրբ Ծննդից, երբ ճրագալույցի պատարագից հետո հոգիդ սիրով լի ու վշտից թեթև` դուրս ես գալիս Եկեղեցուց, ձեռքիդ` մոմի լույսը, հոգումդ` Տիրոջ լույսը) ու հասկանում ես նորից, որ այս կյանքում հավատավոր մարդու սրտում հուսահատությունը տեղ չունի, որ լույսով լի հոգում մաղձն ու նենգությունը, իսկ սիրող սրտում նեղվածությունն ու բարկությունը տեղ չունեն: 
Երբ մտնում ես Եկեղեցի հազար ու մի խնդրանք ունենալով, բայց կարողանում ես ասել միայն ՓԱՌՔ ԱՍՏԾՈ, երբ քեզ թվում էր թե անտարբեր ես ու կարծր, պարզվում է, որ հոգատար ես ու շատ զգայուն, որովհետև Մարդու զարգացման մեջ առաջին հերթին լուսավորչությունն է, մեկը մյուսին բարություն անելու, օգնելու կամ զարգացնելու առաքելությունը, որովհետև որքան էլ աշխարհը մեզ փորձի սնել չարությամբ, մենք միևնույնն է գտնում ենք այն «դռները», որոնք բացում են մեզ համար երջանկության ու մարդասիրության աշխարհը, մեր քարկապերը քանդող խոսքեր են հնչում Պատարագին, աղոթքներում և օրհնություններում: 
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ, մեզ և ձեզ մեծ Ավետիս ... 
Օրհնած ջրով ու օրհնված էությամբ թող սկսվի մեր Նոր Տարին, համերաշխության և առողջացման տարի դառնա, որովհետև, եթե մարդ ինքն իր հետ հաշտ չէ, չի կարողանա նաև կողքինների հետ հաշտ ապրել`լինի անհատ թե ժողովուրդ: 
Մարդն էլ պետք է նորից սովորի բնության հետ հաշտվել, որպեսզի հետ ստանա սերը, ոչ թե իր չարության դիմաց վերադարձող կատակլիզմները, մարդը, որն ուներ ամեն հնարավորություն ստեղծելու և ստեղծագործելու` քանդում է ու պառակտում, օգտատիրոջ հոգեբանությամբ «քերում» է եղածն ու անընդհատ շահագործում. միջավայրը, բնությունը, ընկերներին... 
Մեր մարմնում 72 տոկոսը ջուր է, ՋՈՒՐՆ ՈՒՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ, և այդ ջուրն ենք խմում մեր երկրում, հազար ու մի հայհոյանքով կամ անեծքով թունավորած ջուրը, ԿԱՄ էլ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՍԻՐՈՎ օծված ջուրը... 
և բոլորովին էլ պատահական չէ, որ հենց Ջրի ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ էլ եզրափակում է Սբ.Ծննդյան պատարագը, որպեսզի խմենք սիրով սնած ջուրն ու առողջանանք: 
Ես չգիտեմ`ինչպիսին կլինի տարին այս, բայց ...անտարբերության դեմ` աշխատանք, չարության դեմ` ներողամտություն, ատելության դեմ գիտակցված սիրով է պետք պայքարել, այն պարզ գիտակցությամբ, որ չարացած մարդու աչքերը, հոգին ու սիրտը «կույր են», որ նա ուղղակի չի հասկանում արածն ու դրա հետևանքները: Գիտակցված սիրո տարի թող լինի) (#ՆՀ)»: