Կազմ ու պատրաստ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Պետք է աղոթես. ճանապարհը կբացվի. Աստված հոգ կտանի և Իր ծրագրերի էջերը մեկ առ մեկ կբացի քեզ համար

ա

Հունվարի 6

Առաջնորդիր ինձ, Ով Մեծազոր Աստված, քանզի պանդուխտ եմ ես այս օտար աշխարհի մեջ, ես տկար եմ միշտ, բայց դու զորավոր, Առաջնորդիր ինձ Քո հզոր ձեռքով:

Պետք է աղոթես: Ճանապարհը կբացվի: Աստված հոգ կտանի և Իր ծրագրերի էջերը մեկ առ մեկ կբացի քեզ համար: Պարզապես սիրիր և սպասիր: Սերը Բանալի է: Չկա դուռ, որ Սերը չկարողանա բացել:

Վախենալու պատճառ չկա բնավ: Աստված հոգ տարավ ու պաշտպանեց քեզ: Հուսա շարունակ և ուրախ եղիր: Քո հույսն առանց կասկածի թող լինի: Հանդարտ եղիր, հանդարտ՝ Իմ Հզոր Ներկայությամբ:

Երբեք մի հրաժարվիր աղոթքի ու առանձնության մեջ ներամփոփվելու այս ժամերից. աղոթիր ու կարդա Սուրբ Գիրքը, սովորիր ու ջանա ներդաշնակության մեջ պահել քո ներքին կյանքը: Այս քո անելիք գործն է, իսկ Իմը՝ քեզ գործածելը: Իմ գործիքները պետք է կազմ ու պատրաստ լինեն, որ Ես կարողանամ լավագույն ձևով գործածել նրանց:

Քեզ ենթարկիր խիստ կարգ ու կանոնի և, որքան հնարավոր է, կատարելագործիր քեզ: Դու այսպես վարվիր ու կտեսնես, որ շուտով պատասխան կստանաս անգամ քո ամենաթռուցիկ մտածումների համար. քո բոլոր ցանկությունները գոհացում կստանան, և քո կատարած յուրաքանչյուր գործն իր նպատակին կհասնի: Հզոր ու ահավոր է Իմ Զորությունը: Դու միայն ուշադիր եղիր, որ սխալ բան չցանկանաս, չկամենաս մի բան, որ անհամաձայն լինի Իմ Հոգուն:

Բոլոր վնասակար մտածումները պետք է դուրս շպրտվեն: Իմ հրաշագործ զորությունը սխալ ձեռքերի մեջ կարող է վերածվել կախարդության: Ահա թե ինչու եմ Ես անհրաժեշտ համարում հոգալ նախ և առաջ ձեր իսկ կյանքի մաքրության ու բարության համար: Շուտով, շատ շուտով դու պիտի խնդրես, և Ես անմիջապես պիտի կատարեմ քո ցանկությունը: Սիրով կատարիր քո ինքնակրթանքը, որովհետև առանց դրա Ես չեմ համարձակվի Իմ Ուժը քո տրամադրության տակ դնել, այլապես կարող է վնասել քեզ:

Շատ մի մտահոգվիր ուրիշների կյանքի համար: Թող այդ ամենը Աստծո Հայեցողությանը: Դու ջանք թափիր, որ նախ ինքդ քեզ կարգի բերես՝ Իմ Զորության միջոցով: