Ինչպես են դիրքորոշվել Հայաստանը և հարեւան երկրները․ Ռոբերտ Մարգարյան

Տարածաշրջանում իրավիճակի ցանկացած սրացման դեպքում մտածելու շատ բան ենք ունենալու

Հայաստանի հարեւանությամբ իրադարձություններն արագ տեմպերով զարգանում են: 

Հետաքրքիր է իմանալ, թե այդ զարգացումների կապակցությամբ ինչպես են դիրքորոշվել Հայաստանի երեք հարեւան երկրները:

Սկսենք Հայաստանի թշնամի երկրներից, որոնց հետ Հայաստանը հակամարտության մեջ է եւ ունի փակ սահմաններ:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը շաբաթ երեկոյան ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում զորավար Ղասեմ Սոլեյմանիի կորուստի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Իրանի առաջնորդին, կառավարությանն ու ժողովրդին:

Անդրադառնալով տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման անհրաժեշտության Էրդողանն ընդգծել է. «Արտաքին միջամտություններն ու տարածաշրջանային բախումները խանգարելու են տարածաշրջանում անդորրի ու կայունության հաստատումը»:

Թուրքիայի նախագահը նաեւ վստահություն է հայտնել առ այն, որ պատմության մեջ արմատ ունեցող Իրանի մշակութային ու պետական կառույցը խոհեմությամբ թիկունքում կթողնի նաեւ այս ժամանակահատվածը:

Մեր գլխավոր հակառակորդ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները եւ ցավակցություն է հայտնել Իրանի իշխանություններին ու ժողովրդին: 

«Ադրբեջանական կողմը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ բռնությունից եւ հավատարիմ մնալ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,-նշել է ԱԳ նախարարը:

Հայաստանի հյուսիսային հարեւան Վրաստանը հանդես է եկել գրեթե 180 աստիճանով տարբեր դիրքորոշմամբ, միանշանակ պաշտպանելով ԱՄՆ-ի միջոցով իրականացված գործողությունը եւ կողմնակիորեն դատապարտել է Իրանին:

«Մենք դատապարտում ենք վերջին բռնությունը, Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ սադրիչ հարձակումը։ ԱՄՆ-ը լեգիտիմ իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին։ Այժմ դիվանագիտության եւ լարվածությունը թուլացնելու ժամանակն է»,- Թվիթերում գրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի զորայիններն Իրաքում հարվածեցին Իրանի աջակցությունը վայելող որոշ զինյալ խմբավորումների հրամանատարական կենտրոնները, որից հետո հիշյալ խմբերի աջակիցները ներխուժեցին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան շենքը:

Վերջին իրադարձությունների ֆոնին ՀՀ ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված է. «Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաեւ մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը եւ ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: 

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության»:
Միեւնույն ժամանակ թեեւ ՀՀ վարչապետը հերքել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածված այն կեղծ տեղեկատվությունը, որ իբր Իրանի դեմ գործողության կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահին, այդուհանդերձ հակառակ Թուրքիային ու Ադրբեջանին Հայաստանի որեւէ պաշտոնատար պաշտոնական հայտարարությամբ կամ հեռախոսազրույց ունենալով իր վշտակցությունը չի հայտնել հարեւան երկրի իշխանություններին ու ժողովրդին: Ինչպես գրել էի նախորդ գրառման մեջ նույնիսկ եթե վշտակցության նման հայտարարություն հրապարակվի այսօր դա չի ունենալու այն ազդեցությունն ինչ կարող էր ունենալ, եթե կատարված լիներ առանց անտեղի հապաղման ու նախքան մեր մյուս հարեւանները:

Ի դեպ, Իրանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ վարչապետի բացատրության միայն հայերեն հղումն, առանց պարսկերեն թարգմանության, մոռանալով, որ ադրբեջանական քարոզչության հասցեատերն Իրանի հասարակությունն է, որի պաշտոնական լեզուն պարսկերենն է: 

Հայաստանի իշխանությունների այդ հապաղումը կոծկելու պարտականությունն իրենց ուսերի վրա են վերցրել տարածաշրջանում հայկական երկրորդ պետականության իշխանությունները: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը եւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն առանձին հայտարարություններով իրենց վշտակցությունն են հայտնել հարեւան երկրի ժողովրդին ու կառավարությանը:

Փաստորեն մեր հարեւաններից երկուսը, որոնց հետ մենք փակ սահմաններ ունենք, իսկ մեկի հետ չլուծված հակամարտության մեջ ենք, ԱՄՆ-ի հետ ռազմական, քաղաքական ու տնտեսական սերտ հարաբերություններ ունենալով հանդերձ պաշտոնապես իրենց վշտակցությունն են հայտնել Իրանի ժողովրդին, իսկ հյուսիսային հարեւանը, որի հետ Հայաստանը բաց սահմաններ ունի եւ որ համարվում է Հայաստանին իր գլխավոր դաշնակից Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը հանդես է եկել լիովին պռոամերիկյան դիրքորոշմամբ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը ֆեյսբուքում կատարած գրառման մեջ նշել է, որ «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր եւ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են»: 

Եթե վարչապետի մատնանշած ինստիտուտները ՀՀ ԱԳ նախարարությունն է, որին ենթակա դեսպանությունը պարսկախոս լսարանի համար հայերեն հղում է տեղադրում և կամ ստյոպա սաֆարյանների ու դանիել իոաննիսյանների նման անձանց գլխավորած վերլուծական կենտրոններն են, տարածաշրջանում իրավիճակի ցանկացած սրացման դեպքում մտածելու շատ բան ենք ունենալու:

Ռոբերտ Մարգարյանի անդրադարձը