Թրամփին կարգելեն 30 օրվա ընթացքում «թշնամական քայլի» դիմել Իրանի դեմ

Դեմոկրատները բարկացել են այն բանից, որ Սոլեյմանիի սպանությունը կարող է բորբոքել Թեհրանի հետ հակամարտությունը

ԱՄՆ-ում դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը Սենատի քննարկմանն է ներկայացրել բանաձև, որով առաջարկում է արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ` առանց Կոնգրեսի համաձայնության: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

Բանաձևը ներկայացվել է ԱՄՆ-ի կողմից Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության ֆոնին:

ԱՄՆ-ի Կոնգրեսն իրավունք ունի պատերազմ հայտարարել և նախագահին թույլտվություն տալ ռազմական գործողություններ վարելու համար: Այնուամենայնիվ, գործադիր իշխանությունն ԱՄՆ-ից դուրս դե-ֆակտո կատարում է մի շարք ռազմական գործողություններ՝ դրանք հիմնավորելով Կոնգրեսի տված նախկին թույլտվություններով և ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու անհրաժեշտությամբ:

«Հարցն այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի զինված ուժերը պետք է մասնակցեն Իրանի դեմ զինված հակամարտությանը, կարող է լուծվել միայն Կոնգրեսի և հասարակության ամբողջական տեղեկացված լինելուց հետո, Կոնգրեսում հրապարակային բանավեճերից և քվեարկությունից հետո, ինչպես և նախատեսված է Սահմանադրությամբ»,-ասված է բանաձևի մեջ:

Փաստաթուղթը նախատեսում է արգելել Թրամփին առանց Կոնգրեսի համաձայնության ցանկացած «թշնամական քայլի» դիմել Իրանի դեմ 30 օրվա ընթացքում:

Դեմոկրատները բարկացել են այն բանից, որ Սոլեյմանիի սպանությունը կարող է բորբոքել Թեհրանի հետ հակամարտությունը: Նրանք նաև դժգոհ են այն փաստից, որ Սպիտակ տունը նախօրոք իրենց չի տեղեկացրել գործողության մասին: Միևնույն ժամանակ, հանրապետականները հավանություն են տալիս Թրամփի գործողություններին: Հաշվի առնելով այն փաստը, որ Թրամփի կուսակիցները Սենատում մեծամասնություն են կազմում, Քեյնի բանաձևը շատ հնարավոր է, որ տապալվի: Սակայն հանրապետականներն իրավունք չունեն բանաձևը քննարկման չդնելու: