«Իրանն աչք չի փակի սրա վրա, վրեժ կլինի». ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. տեսանյութ

«Իրանը կպատասխանի այնպես, ինչպես հարկ կհամարի»

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի իրագործած՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վերացման գործողությունը հավասարազոր է «պատերազմ սկսելուն»: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցի ժամանակ:

Թախտ Ռավանչին հիշեցրել է, որ Վաշինգտոնը դեռևս 2018 թվականի մայիսին «տնտեսական պատերազմ» է սկսել Իրանի դեմ:

«Անցած գիշեր նրանք այս պատերազմի նոր գլուխը բացեցին՝ սպանելով ժողովրդի ամենասիրելի և գլխավոր գեներալներից մեկին»,-հայտարարել է իրանցի դիվանագետը:

Նրա խոսքով` Իրանն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի գործողությունները:

«Անխոս, Իրանն աչք չի փակի սրա վրա: Վրեժ կլինի, Իրանը կպատասխանի այնպես, ինչպես հարկ կհամարի: Այդ պատասխանի վայրն ու ժամանակն Իրանը կորոշի»,- ընդգծել է Թախտ Ռավանչին:

Մեկնաբանելով Վաշինգտոնի հայտարարություններն առ այն, թե Սոլեյմանին իրենից սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ-ի համար` Իրանի ներկայացուցիչը նշել է, որ «դրա վերաբերյալ ոչ մի ապացույց չկա»:

Նա նաև չի հավատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ըստ որոնց ամերիկացիները վերացրել են Սոլեյմանիին՝ Իրանի հետ պատերազմը կանխելու, ոչ թե պատերազմ սկսելու նպատակով:

«Ես չեմ հավատում նրան, որ Միացյալ Նահանգներն այս գործողությունը կատարել է, որպեսզի կանխի պատերազմը, քանի որ Սոլեյմանիի սպանության ծրագիրը մշակվել է բավականին երկար ժամանակ»,-նշել է դիվանագետը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՚ Բրայանը հայտարարել էր, որ ամերիկյան կողմի տեղեկության համաձայն` Սոլեյմանին Դամասկոսից ժամանել էր Բաղդադ, որպեսզի «հարձակումներ կազմակերպեր ամերիկացի դիվանագետների և զինծառայողների նկատմամբ»: Սակայն Օ՛ Բրայենը հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել` դրանք անվանելով «հույժ գաղտնի»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: