103-ամյա  Աշխեն տատին Ամանորը յուրովի է դիմավորել

Ստացած թոշակը կազմում է 37 000 դրամ, որով տատին հոգում է իր կենցաղային խնդիրները

Խնապատ գյուղում Ամանորը յուրովի է դիմավորել 103-ամյա  Աշխեն տատին: Հերոսական Խնապատի տարեց տատիկին կարելի է դասել հերոս տատիկների շարքում: Չնայած ծեր հասակին՝  նա լավ լսում է եւ մեզ է ներկայացել որպես Աշխեն Բաղդասարյան: Տխուր ու հոգսաշատ մանկությունն ու զրկանքներով լի կյանքի մեծ ճանապարհները չեն ընկճել Աշխեն տատիկին եւ յուրաքանչյուր դժվարության հանդիպելիս միայնակ հաղթահարել է դրանք:                                                                          

‹‹Ապառաժ››-ի հետ զրույցում Աշխեն տատիկը պատմել է, որ երկու տարեկան էր, երբ թշնամու հարձակումներից պաշտպանվելու նպատակով ստիպված լքել են հայրենի տունն ու 2 տարի ապաստանել Առաջաձոր գյուղում: Վերադառնալով գյուղ՝ հայրական տունը հայտնաբերել են մոխրացած ու ավերակ վիճակում: Ծնողները դժվարությամբ են մեծացրել նրանց: Տատիկի խոսքով՝ մանկության տարիներին քույր ու եղբոր հետ երբեմն զգացել են կիսաքաղցի դառնությունները: Սակավության համար չի դժգոհում Աշխեն տատիկը, որովհետեւ ծնողների սերն ու հոգատարությունը միշտ լրացրել են այդ բացը:

Քույրն ու եղբայրը շուտ են մահացել: Աշխեն տատիկը արցունքոտ աչքերով հիշել է, որ հոր կորստյան ցավը զգացել է դեռ փոքր տարիքում: Ըստ նրա՝ հոր մահից հետո իր խնամքի  ու դաստիարակության հարցերով մորն օգնել է հարազատ քեռին: Տարեց տատին պատմել է, որ Խնապատի դպրոցում սովորել է ընդամենը չորս տարի: Ամուսնու հետ միասին ապրել են հայրական օջախում եւ միասին վերականգնել տունը:

‹‹Սիրով ամուսիններ ենք եղել եւ փոխադարձաբար հասկացել ենք միմյանց, միասին աշխատել ենք կոլտնտեսությունում եւ զբաղվել անսնապահությամբ››,- ժպիտով հավելել է տատին:

Աշխեն տատին հինգ երեխաներ է ունեցել: Երկու զավակները հազիվ են փրկվել Բաքվի եւ Սումգայիթյան ջարդերից:

‹‹Չորս տարի է, ինչ մենակ եմ ապրում: Ոչ մեկից օգնություն չեմ ակնկալում: Ամանորի հետ կապված հատուկ սպասելիքներ չունեմ››,- հավելել է տատին:

Ստացած թոշակը կազմում է 37 000 դրամ, որով տատին հոգում է իր կենցաղային խնդիրները: 100-ամյակին ստացած համեստ գումարով փայտ է գնել: Միայնակ եփում է ճաշերը եւ զբաղվում տան մաքրությամբ: 104-ամյակին խոստացել է հրավիրել ինձ:

Հասմիկ Հակոբյան

Նյութի աղբյուրը՝ APARAJ.AM

1

1

1