Պինդ բռնվեք, բան եմ ասում․ պարզվում է ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքը գոյություն չունի :)

Ավելի ստույգ՝ չի ստացել օրենքով անհրաժեշտ թվով կողմ ձայներ

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում բացատրում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքն երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտումներով եւ հետեւաբար այն չի ստացել օրենքով անհրաժեշտ թվով կողմ ձայներ։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի օրենքի ոդիսականը

Ժողովուրդ ջան, պինդ բռնվեք, բան եմ ասում:

Պարզվում է Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք տալու մասին օրենքը, որը տակնուվրա է արել երկիրն ու աշխարհը, գոյություն չունի: Կհարցնեք, թե ո՞նց: Ասեմ: Գոյություն չունի, քանի որ այդ օրենքն ընդհանրապես չի ընդունվել, ավելի ստույգ՝ չի ստացել օրենքով անհրաժեշտ թվով կողմ ձայներ: Հանգամանք, որը փաստաթղթավորված է եւ որը ապացուցելու համար համակարգչի դիմացից հեռու գնալ պետք չէ:

Եվ այսպես, այն որ կառավարությունը ապաշնորհ է, չունի անգամ երկու հոդվածանոց նորմալ օրենք գրելու ունակ մարդիկ, ցանկացած աշխատանք կատարվում է փնթի ու անհետեւողական, դարձել է հանրահայտ փաստ, հետեւաբար ապացուցման կարիք չունեցող: Բայց երբ խոսքը այսօրվա իշխանությունների համար կենաց-մահու նշանակություն ունեցող հարցի մասին է, ապա կարելի էր թերեւս ենթադրել, որ գոնե այդ դեպքում կառավարությունը իր ողջ ներուժը հավաքելով կկարողաանար «երկնել» օրենսդրական առումով քիչ թե շատ անթերի մի նախագիծ: Բայց արի ու տես…

Նախագծի ծննդից մինչեւ դրա երկրորդ ընթերցմամբ ընդունմանը մեկ այլ առիթով մանրամասն կանդրադառնամ:

Հիմա միայն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ «ընդունված» օրենքի քվեարկության մասին:

Այս օրենքը սահմանադրական էր, եւ դրա ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 80 ձայն: Ըստ «պաշտոնական» տվյալների, այդ նախագծին կողմ են քվեարկել 82-ը:

Հիմա տեսնենք թե ինչպես է կատարվել քվեարկությունը:

ԱԺ կանոնակարգի 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Ազգային ժողովի նիստին ներկա պատգամավորը քվեարկում է անձամբ քվեարկության դրված հարցին` կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ Ազգային ժողովի նիստից բացակայող պատգամավորը կարող է քվեարկել միայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, այն է՝ «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչեւ գործուղման մեկնելը: Ծրարի վրա եւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւ ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը:

Աշխատակազմի ծառայողը ծրարը բացում եւ գրությունն Ազգային ժողովի նախագահին, իսկ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում հաշվիչ հանձնախմբի նախագահին է ներկայացնում հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը»:

Նորից, ըստ պաշտոնական հաղորդագրության, նիստերի դահլիճում ներկա գտնվող պատգամավորներից նախագծին կողմ են քվեարկել 75-ը: Ծրարներով քվեարկել է 7 պատգամավոր՝ 7-ն էլ կողմ: Վերոնշյալ 7-ն էլ քվեարկել են վերեւում հիշատակված օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի կոպիտ խախտմամբ: Նրանք իրավունք չունեին այդ կերպ քվեարկելու, ուստի նրանց ձայները չէին կարող հաշվարկվել որպես կողմ ձայներ: Հետեւաբար, նախագծին կողմ է քվեարկել միայն 75 պատգամավոր, ինչը բավարար չէր սահմանադրական օրենքը փոփոխելու համար:

Թե ինչու է այս հանգամանքը վրիպել մեր «զբոսաշրջիկ» նախագահի աչքից, քննությունը ցույց կտա:

Սա միայն «դեսերտ» «զբոսաշրջիկ» նախագահի եւ նրա հետ փոխկապակցված, հարցով շահագրգիռ պաշտոնյանների համար, մաղթելով Ամանորյա անքուն գիշերներ:

Մնացածը հաջորդիվ»: