Երկու ղեկավար՝ մեկ ձեռագիր

2020թ. Հայաստանում սպասվում է տառապալի, բայց անխուսափելի ինքնամաքրում

ԽՍՀՄ, 1953թ. հունվարի 13: Կոմկուսի խոսափող Պրավդա թերթում լույս տեսավ Խորհրդային միության հեռագրական գործակալության (ՏԱՍՍ) հաղորդագրությունը «Վնասարար բժիշկների խմբի ձերբակալությունը» վերնագրով և «Ստոր լրտեսները և մարդասպանները պրոֆեսոր բժիշկների դիմակով» անստորագիր նամակը: 

ՀՀ, 2019թ. դեկտեմբերի 18: Քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ «Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի մասին»:

ԽՍՀՄ, 1953թ. հունվարի 13-ի ՏԱՍՍ-ի հաղորդագրության և վերոնշյալ հոդվածի տեքստերը նախապես հաստատվել էին ԽՄԿԿ Կենտկոմի նախագահության բյուրոյի կողմից նույն ամսվա 9-ին: Ստանալով խորհրդային գործիչներին հանցավոր կերպով բուժելու մասին մատնագիրը` «վարչապետ» Ստալինն անմիջապես հրահանգավորեց ձերբակալել գլխավոր «դավադիրներին»: Նա ամեն օր կարդում էր հարցաքննությունների արձանագրությունները, պետանվտանգության նախարարությունից պահանջում հաստատել մեղադրվողների կապը օտարերկրյա լրտեսական ցանցերի հետ, ձախողման դեպքում նախարարին սպառնում՝ «Մենք ձեզ կքշենք ոչխարների պես» (հասկանալի է` դեպի սպանդանոց): 

ՀՀ, ՔԿ 2019թ. դեկտեմբերի 18-ի հայտարարությունից 2 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն էր անցկացրել «ապօրինի որդեգրման գործով», կոնկրետ ցուցումներ տվել քննչականին, իսկ դեկտեմբերի 19-ի կառավարության նիստում ՔԿ նախագահից պատժիչ սանկցիաներ պահանջել «աղմկահարույց գործով» անցնողների նկատմամբ:

ԽՍՀՄ, 1953թ. հունվարին հայտարարվեց. պետանվտանգության մարմինների կողմից բացահայտվել է բժիշկների ահաբեկչական խումբ, որն իր առջև խնդիր էր դրել վնասաբեր բուժման ճանապարհով կրճատել Խորհրդային միության ակտիվ գործիչների կյանքը: Վկայակոչվում էր 9 բժշկի անուն: Նրանք բոլորը ձերբակալված են:

ՀՀ, 2019թ. դեկտեմբերին հայտարարվեց. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հանցանք է կատարվել: Վկայակոչվեց 3 բժշկի անուն, ինչպես նաև նշվեց անանուն 2 հանցակցի առկայության մասին: Նրանք բոլորը ձերբակալված են:

ԽՍՀՄ, 1953թ. պետական լրատվական գործակալությունը, դեռ նախաքննությունը չավարտված, ձերբակալված բժիշկներին անվանում է հանցագործ, ժողովրդի ծպտված թշնամի, ահաբեկչական խմբի մասնակիցներ, ամերիկյան և անգլիական լրտեսներ:

ՀՀ, 2019թ. ՔԿ լրատվականը և կառավարության խոսափող ԶԼՄ-ները, նախաքննությունը դեռ չավարտված, որպես դատարանի կայացրած դատավճիռ հաստատում են. Երևանի Հանրապետական ծննդատունը զբաղված է եղել երեխաների վաճառքով (1in.am), շղթա է գործել. նախ մորը խաբել են, ասել, որ երեխան մահացած է կամ թերաճ, կամ այլ պատճառաբանությամբ երեխային վերցրել են մորից, «տեղեկություն է ստացվել», որ որդեգրման հովանավոր է եղել ՀՀ նախկին առաջին տիկինը (Shd ArmTV) և այդ մասին իմանալով` Քիմ Քարդաշյանը խիստ զայրացել է ու ապսպրել նրան հրապարակային պատժի ենթարկել (Armenia.news24), իսկ մյուսները պահանջել են հանցագործներին իսկույն ևեթ կտոր-կտոր անել, աղ ցանել վերքերին, ցից հանել, աքսորել երկրից (սեռական բնույթի հայհոյանքերը, անձի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող այլ վիրավորանքները չենք հրապարակում) և այլն:

ԽՍՀՄ, 1953թ. «Բժիշկների գործը» համաժողովրդական բողոքի ալիք էր հարուցել, գործարաններում, կոլտնտեսություններում, ուսումնական, ակադեմիական, բժշկական հաստատություններում ինքնաբուխ հազարավոր ժողովներ են անցկացվում, որտեղ խորհրդային ազնիվ աշխատավորները, ստեղծագործական ու գիտական մտավորականության ներկայացուցիչները անարգանքի սյունին են գամում կոմունիստական կուսակցության երևելի դեմքերին և պանծալի կարմիր բանակի զորահրամանատարներին ոչնչացնող կամ այդպիսի դավադրություն նյութած տականքներին և իրենց հավատարմությունը հայտնում կոմունիզմի կառուցման վեհ գործին լծված կոմունիստական կուսակցությանը ու նրա անփոխարինելի առաջնորդ, ժողովուրդների հայր մեծն Ստալինին:

ՀՀ, 2019թ. դեկտեմբերին 100, 200 հազարից ավելի դիտում ունեցող ֆեյք նյութերում ֆեյսբուքահայությունը թավշիստներից պահանջում է շարունակել պայքարը ազգի դավաճան ճիվաղ կոռուպցիոներների և առհասարակ նախկինների դեմ և կրծքով պաշտպանում է սիրելի, պաշտելի, անկաշառ Նիկոլի ցանկացած քայլ:

Ավարտ • ԽՍՀՄ, 1953թ. մարտի 5-ին հայտարարվեց Ստալինի մահվան ավետաբեր լուրը:  

ՀՀ, 2020թ.․․․

 ԽՍՀՄ, 1953թ. ապրիլի 3-ին «Բժիշկների գործը» փակվեց, ողջ մնացած հալածյալները ազատ արձակվեցին բանտերից և վերականգնվեցին աշխատանքում: 

 ՀՀ, 2020թ․․․

ԽՍՀՄ, 1953 և հետագա տարիներին գործի նյութերին ծանոթացած իրավաբանները նշում են գործի շինծու, արհեստականորեն թխած լինելը, որ քննիչները ջանք անգամ չեն գործադրել իրենց հորինած մեղադրանքներն ինչ որ կերպ հիմնավորելու համար, հիվանդության պատմություններից անամոթաբար հանել և որպես բժիշկների հանցավոր գործողությունների հետևանք են ներկայացրել մարդկանց բնածին արատները և տարիների ընթացքում ձեռք բերած հիվանդությունները:

 ՀՀ, 2020թ.․․․

ԽՍՀՄ, 1953թ. ապրիլի 4-ին հայտարարվեց, որ կալանավորվածների բոլոր ցուցմունքներն ու ինքնախոստովանությունները կորզվել են «հետաքննության անթույլատրելի մեթոդների» օգնությամբ: 

 ՀՀ, 2020թ.․․

ԽՍՀՄ, 1953թ. ապրիլին «Բժիշկների գործը» մշակած քննիչը, չնայած ազատվել էր պետանվտանգության համակարգում աշխատանքից, կալանավորվեց և 1954թ. հուլիսին դատարանի դատավճռով գնդակահարվեց: 

ՀՀ, 2020թ.․․․

ԽՍՀՄ, 1953թ. հետո ի հայտ եկան ապացույցներ առ այն, որ Ստալինը ծրագրել էր անցկացնել հրապարակային քաղաքական դատավարություն և դատապարտյալներին կախաղան հանել ԽՍՀՄ մեծ քաղաքների կենտրոնական հրապարակներում:

ԽՍՀՄ, 1953թ. ցնցող բացահայտում է կատարում ՏԱՍՍ-ը. հաստատված է, որ մարդկային ցեղի ճիվաղներ հանդիսացող այս բոլոր մարդասպան բժիշկները եղել են օտարերկրյա հետախուզության վարձու գործակալներ և կապված են միջազգային հրեական բուրժուա-ազգայնական կազմակերպության հետ: 

ՀՀ: 2019թ. «շոկային բացահայտում» են կատարում իշխանական ԶԼՄ-ները. հայ երեխաներին ապօրինի կերպով որդեգրել են արտասահմանցիները, հիմնականում` իտալացիները, այդ թվում` ո~վ սարսափ, մի հայտնի ֆուտբոլային մրցավար:

ՀԳ «Բժիշկների գործը» որպես ամոթի խարան դաջվեց կոմկուսի կողմից միահեծան կառավարվող պետության բարձրաստիճան ղեկավարների և իրավապահների ճակատին:

ՀԳ 2. 2020թ. Հայաստանում սպասվում է տառապալի, բայց անխուսափելի ինքնամաքրում:


Գեւորգ Վարդանյան

Hraparak.am