Ռուբեն Հայրապետյանի երկու աշխատակիցներին կալանավորելու միջնորդությունները մերժվել են

Այդ մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ի տնօրենին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին կալանավորելու մասին միջնորդությունները դատարանը մերժել է: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նրանք դեկտեմբերի 20-ին ձերբակալվել էին: Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սևան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու՝ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած աշխատակցի կողմից խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ:

«Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենն ու ՀՖՖ տեխնիկական հսկիչը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ: