«ՍԴ-ն՝ առանց Հրայրի» օպերացիան, կամ՝ բարի ճանապարհ 2019

Այս պատմության մեջ ամենաինտրիգայինն այն է, որ ՍԴ նախագահը բացարձակ անձեռնմխելի անձ է

Տևական ժամանակ է՝ ՀՀ դատաիրավական համակարգի շուրջ ընթացող քաշքշուկը շարունակում է մնալ հայաստանյան առօրյայում քննարկվող առաջնային հարցերից մեկը։ Սա մի գործընթաց է, որին գործող իշխանությունները տալիս են գերկարևոր, կարելի է անգամ ասել՝ ամենաառաջնային նշանակություն։ Իշխանությունների համար հիմնավորումը շատ պարզ է ու նաիվ. նրանք շարունակ պնդում են այն թեզը, թե՝ «ՀՀ տեղի ունեցած հեղափոխությանը խոչընդոտում է ՍԴ այսօրվա կազմը, քանի որ այն սպասարկում է նախորդ համակարգին»։

Իշխանության այս պրիմիտիվ հիմնավորումներին ականատես ենք արդեն 2018-ի մայիսից, և քիչ թե շատ ռացիոնալ մտածողություն ունեցող անհատների մոտ այն  արդեն ժպիտ է առաջացնում, քանի որ գործում է նույն ծեծված բանաձևը՝ «ամեն ինչում մեղավոր են Սերժն ու ՀՀԿ-ականները»։

Օրեր առաջ մամուլում շրջանառության մեջ դրվեց մի տեղեկատվություն, ըստ որի՝ մինչև Ամանոր իշխանությունները պլանավորել են նախաձեռնել ձերբակալությունների հերթական «շքերթը»։ Նաև կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները, այսպես ասած, «սլիվ» էին հրապարակել, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն ուժայիններին հանձնարարել է Ամանորին տարեկան հաշվետվությունների ֆոնին համապատասխան՝ «պատշաճ» ինտրիգային աուրա ապահովել։

Նախօրեին հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքը, որն ընդունվել էր ԱԺ-ի կողմից ընդամենն օրեր առաջ: Հայտնի է, որ կառավարությունը ՍԴ դատավորներին առաջարկում է մինչև 2020թ. հունվարի 31-ը կամավոր հրաժարականի դեպքում պահպանել աշխատավարձը մինչև կենսաթոշակային տարիք: Օրենքն առնչվում է ՍԴ 9 դատավորներից 7-ին, որոնք այդ կարգավիճակում են հայտնվել 2005թ. սահմանադրական կարգավորումներով, և որոնց վրա չի ազդում 2015թ. Սահմանադրությամբ նախատեսվածը:

Այս օրենքի հակասահմանադրականության մասին բազմաթիվ փորձագետներ ներկայացրել էին իրենց տեսակետը՝ բազմաթիվ փաստերով ներկայացնելով, թե ինչ լուրջ ու անդառնալի հետևանքներ կարող է ունենալ այն դատական համակարգի վրա, և ինչ կոռուպցիոն խորքային տարրեր է պարունակում իր մեջ։ Երեկ նախագահի կողմից հիշյալ օրենքի ստորագրումից ժամեր անց ՀՔԾ քննիչները նախ ներկայացել էին ՍԴ, որից հետո լրատվականներում տեղեկատվություն տարածվեց, որ այսօր ՍԴ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով իշխանությունների անմիջական թիրախում է վերջին վեց ամիսներին։

Թովմասյանի նկատմամբ իշխանական բացահայտ գրոհի բազմաթիվ տեսարանների ականատես եղանք բոլորս, սակայն ՀՔԾ հարցաքննության փաստը Սահմանադրական դատարանի վրա թքած ունենալու՝ օրվա իշխանությունների վերջին շտրիխն էր։

Ի դեպ՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պատեհ առիթը բաց չէին թողնում բացահայտ հայտարարելու, որ Թովմասյանի՝ ՍԴ-ում գտնվելու հանգամանքը բնավ իրենց սրտով չէ, և նրանք այդ ուղղությամբ հստակ գործողություններ են նախատեսում։ Այն, ինչ կատարվում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, բացահայտ ու լուրջ ապտակ է ՀՀ ողջ դատական իշխանության նկատմամբ, քանի որ, երբ իշխանությունները ՍԴ դատավորներին ժամկետային առաջարկ են ներկայացնում,        ակնհայտորեն ոտնահարում են նրանց կամավորության իրավունքը։ Միանշանակ է, որ այս ժամկետին հաջորդելու է իշխանության գրոհի հերթական ռաունդը՝ այս անգամ թիրախում ունենալով ՍԴ մյուս անդամներին:

Ի դեպ, չի բացառվում, որ համապատասխան ժամկետում հստակ քայլերի ականատես չլինելու դեպքում իշխանությունները սկսեն հերթական գործերը «կարել» նրանց նկատմամբ (նշենք, որ այսօր ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը բացահայտ հայտարարեց, որ չի պատրաստվում օգտվել այդ առաջարկից, հավատարիմ է մնալու ՍԴ դատավորի երդմանը և ծառայելու է ՀՀ-ին)։

Փաստն այն է, որ հակասահմանադրական օրենքը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից, ինչը, մասնագետների գնահատմամբ՝ բարձր դատարանի արժեհամակարգը վիրավորող օրենք է, կամ այլ բնորոշմամբ՝ դատարանի առաքելությանը հակառակ գնալու օրինագիծ է։ Այն հիմնավորումը, որը ներկայացվում է իշխանությունների կողմից, թե ՍԴ դատավորների կենսաթոշակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը դրական վերաբերմունք է ներկայացրել, հերթական մանիպուլյացիան է, քանի որ Հանձնաժողովը դրական վերաբերմունք է հայտնել միայն դատավորների բարեվարքության փաստի հետ կապված, իսկ կենսաթոշակի դրույթի վերաբերյալ կարծիք է հայտնել, ըստ որի՝ այն վերանայման կարիք ունի։

Տեղի ունեցածից կարող ենք եզրակացնել հետևյալը. օրվա իշխանություններն ուղղակի ցանկանում են ունենալ անձնական օգտագործման ՍԴ։ Վահե Գրիգորյան օպերացիան չաշխատելուց հետո, հիմա իշխանությունը գնում է ավելի կոնկրետ քայլերի․ պարզ է, որ հարկադիր կենսաթոշակի ուղարկելու գործընթացը ձախողված է, այդ իսկ պատճառով ներկայումս գնում են դատավորների, այսպես ասած, «վախը բռնելու» քայլերին։

Մասնագետները վստահեցնում են՝ նման գործելաոճի կազմակերպիչներն առաջին իսկ պատեհ առիթով պատասխանատվության են ենթարկելու այս կատակլիզմը կազմակերպողին։ Քաղաքական իշխանությունն իր առջև նպատակ է դրել ամեն գնով ազատվել ՍԴ իրենց ոչ ցանկալի դատավորներից։ Սա իշխանության ճյուղերի բնականոն ու նորմալ աշխատանքի բացահայտ ոտնահարում է։ Ցանկացած սահմանադրական նորմի ոտնահարում, որն ուղեկցվում է ակնհայտ քաղաքական շահարկումներով, երկրում ստեղծում է իրավական ճգնաժամային ու կոլապսային իրադրություն։

Այս պատմության մեջ ամենաինտրիգայինն այն է, որ ՍԴ նախագահը բացարձակ անձեռնմխելի անձ է, իսկ իշխանությունների այս վարքագիծը դատական համակարգը ոտնահարելու հերթական դրսևորում է։
Ամփոփելով՝ նշենք. Հայաստանում ինստիտուտների հավասարակշռման սկզբունքը չի գործում, ինչի վառ ապացույցը հենց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի ստորագրումն է:

Արմեն Հովասափյան, 168․am