Արսեն Թորոսյանը միակ նախարարն է ում սպասարկում է 20 միլիոնը գերազանցող ավտոմեքենա

Սևանի հոգեբուժարանի տնօրենը զարմանալի պատահականությամբ մի քանի ամիս անց դարձավ առողջապահության նախարարի տեղակալ

«Ներկայիս իշխանությունը եկավ իշխանության՝ մատնացույց անելով նախկինների կոռուպցիոն ռիսկերը, համատարած կոռուպցիան և գումարների բաշխումը խնամի-ծանոթ-բարեկամների մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ուռոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ կոռուպցիայի մեջ մեղադրվող աշխատանքից հեռացված Արա Մինասյանից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում շարունակում է պահպանվել կոռումպացված վիճակը:

Օրինակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնի տնօրինությունը չի հրապարակում իր գնումների ընթացակարգերը: Գնումներն իրականացնում են հիմնականում մեկ անձից, իսկ երբ հայտարարված մրցույթին իրենց յուրայինը չի հաղթում՝ տեղի է ունենում բողոքարկում, այդ բողոքարկումը ձգձգվում է այնքան ժամանակ, մինչև բուժկենտրոնն այդ ապրանքի կարիքը շատ խիստ ունենա, և կրկին հիմնավորվում է մեկ անձից գնումներ կատարելը: Դա հստակ կոռուպցիոն մեխանիզմ է, որն  իրավապահ մարմինների աչքից չպետք է վրիպեր, բայց  կամ պատահականությամբ, կամ դիտավորությամբ վրիպում է»,- նկատեց ուռոլոգը:

«Հոկտեմբերի 3-ին Առողջապահության նախարարը հրապարակում է մի տվյալ, որտեղ Սևանի բուժկենտրոնում հայտնաբերվել է մեքենա, որը գնվել է պետականորեն  սահմանվածից շատ ավելի բարձր գնով: Իսկ որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է, թե այդ մեքենան ինչ եղավ:

Այդ մեքենան շատ տարօրինակ կերպով Առողջապահության նախարարի աշխատակազմին նվիրաբերեց Սևանի հոգեբուժարանի տնօրեն Շավարշ Գրիգորյանը, ով շատ զարմանալի պատահականությամբ մի քանի ամիս անց դարձավ առողջապահության նախարարի տեղակալ: Այդ մեքենան այժմ սպասարկում է Առողջապահության նախարարին: Ֆինանսների նախարարության 938. Ա որոշմամբ սահմանված կարգով պետական մարմիններին և հիմնարկներին սպասարկող մեքենաների արժեքը 15 միլիոն դրամից ավելի չպետք է լինի, այնինչ այս մեքենայի արժեքը 20 միլիոն դրամից ավելի է»,- հայտարարեց Գևորգ Գրիգորյանը:

Նա նկատեց, որ Արսեն Թորոսյանը միակն է նախարարներից, ում այդպիսի թանկարժեք մեքենա է սպասարկում: