Իշխանության մոտ ձերբակալությունների նոր տարափ է սկսվել. Աղասի Ենոքյան

2020թ-ին նորանոր ռեպրեսիաներ են սկսվելու եւ ցանկանում են, որ մամուլը չարձագանքի դրանց

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությունը մամուլի դեմ ուղղված ճնշում է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

«Զարմանալի չէ, որ ձերբակալվել է 5-րդ ալիքի սեփականատերը, որովհետեւ այդ հեռուստաընկերությունն այն լրատվամիջոցն է , որը իշխանությունների մասին ճշմարտությունն է ասում»,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, Ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ «Մարտի 1»-ի գործով տուժողներին կաշառք առաջարկելու մեջ կասկածվող Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և նույն քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով ձերբակալվել է 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը: Նրա փոխանցմամբ՝ Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

«Այս գործը լուրջ ուշադրություն պետք է գրավի, այնտեղ ակնհայտ ներքին հակասություններ ունեցող փաստեր կան ճիշտ կլիներ՝ դրանք պարզել, նոր անցնել ձերբակալմանը»,-անդրադառնալով հայտնի տեսանյութին, ասաց Աղասի Ենոքյանը: Ենոքյանը նկատեց՝ տեսանյութում Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձը մի քանի օր ազատ պտտվում էր , իսկ հեռուտաընկերության սեփականատերը, որը պարզ չի, թե ինչ կապ ունի այդ գործի հետ, միանգամից ձերբակալվեց :

Ըստ Ենոքյանի, այս ձերբակալությունը ԶԼՄ-ների դեմ ուղղված ճնշումների շարքի մի մասն է: Ենոքյանը հիշեցրեց օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա հարձակումը, այսօր «Կենտրոն» ՀԸ նկարահանող խմբի հետ տեղի ունեցածը եւ այս ձերբակալությունը: Հովտաշենում, հիշեցնենք, մի խումբ մարդիկ հարձակվել են հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա, հայհոյել, վնասել տեխնիկան:
Աղասի Ենոքյանը Արմեն Թավադյանի ձերբակալությունը պայմանավորում է նաեւ այն հանգամանքով, որ վերջինս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, միեւնույն ժամանակ Ենոքյանը շեշտում է.« ՀՀ 2-րդ նախագահն ունի բազմաթիվ համակիրներ, բայց նրանից ընտրվում է հենց նա, ով լրատվամիջոցի տնօրեն է»:

«Վերջին շրջանում իշխանության մոտ ձերբակալությունների նոր տարափ է սկսվել, ընդհանրապես անհասկանալի ձեւով բերման ենթարկելու փաստերը, օրինակ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի դեպքը, մամուլի հանդեպ ճնշումները, ավելացել են, ակնհայտ պրովոկացիան Հովտաշենում: Մենք տարվա վերջին ականատես ենք լինում, որ ավելի է ինտենսիվանում ճնշումը: Եթե Արմեն Թավադյանը լիներ «Հանրայինի» կամ «Ազատության» գլխավոր տնօրենը չէր ձերբակալվի»,-ասաց Աղասի Ենոքյանը՝ հավելելով, որ այսկերպ իշխանությունն ուզում է լռեցնել ազատ մամուլը:

«2020թ-ին նորանոր ռեպրեսիաներ են սկսվելու եւ ցանկանում են, որ մամուլը չարձագանքի դրանց»,-եզրափակեց Ենոքյանը:

Աղբյուր` Փաստինֆո