«Մերժիր Սերժին» ծրագիրն արժեր ընդամենը 1 մլն դոլա՞ր

10 տարի շարունակ ընդդիմությունն ամեն օր խոսում էր այն մասին, որ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, երկիրը թալանում է, իսկ հետո պարզվեց, որ ոչ մի փաստ չկա

Տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ գործը հարուցվել է նրանից անձնագիրը վերցնելու նպատակով՝ զրկելով արտասահման մեկնելու հնարավորությունից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 23-ին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նա կարծիք հայտնեց, թե դա կարող էր արվել Զագրեբում Սարգսյանի ելութից հետո, որտեղ արտահայտվեց միտքը, որ իշխանությունը փոխանցվել է թեկնածուին, որը գտնվում էր իրենց իսկ պաշտպանության տակ, բայց այդ ժամանակվանից երկրում ոչ մի առաջընթաց չկա։

«Բացի այդ,  նա խոսեց ձերբակալությունների մասին, ինչը կարող է նշանակել, որ խախտվում են ինչ-որ պայմանավորվածություններ։ Բայց այդ ի՞նչ պայմանավորվածություններ են»,- նշեց Բադալյանը։

Փորձագետը նշեց, որ երկրորդ նախագահը եւ մյուսները անցնում են սահմանադրական կարգի տապալման գործով, այն դեպքում, երբ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը գործին չի ներգրավվել ոչ մի կարգավիճակով։

«Կարո՞ղ էր արդյոք նա ոչինչ չիմանալ։ Հատկանշական է նաեւ, որ վերջերս հայտարարվեց այն մասին, որ գտել են նրա եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին Չեխիայում։ Դա վկայում է այն մասին, որ Արեւմուտքը «ձեռքերը լվանում է»։ Սակայն ինչո՞ւ չկա տեղեկատվություն Սարգսյանի մյուս զարմիկի հափշտակությունների գործի մասին։ Երրորդ հարցն այն է, թե ինչու 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն չդիմեց ձայների վերահաշվարկի պահանջով, այն դեպքում, երբ, ինչպես իրենք էին հայտարարում, խախտումներ են եղել, եւ նրանց չի բավականացրել ընդամենը 2 ձայն յուրաքանչյուր ընտրատեղամասից։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կանեին ՀՀԿ 10 պատգամավորները խորհրդարանում «Իմ քայլի» անփորձ պատգամավորների հետ»,- ավելացրեց նա։

Բադալյանը նկատեց, որ 10 տարի շարունակ ընդդիմությունն ամեն օր խոսում էր այն մասին, որ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, երկիրը թալանում է, իսկ հետո պարզվեց, որ ոչ մի փաստ չկա:

«Պարզվեց, որ նա ոչ մի օրենք չի խախտել: Հետո պարզվեց, որ յուրացվել է 1 մլն դոլար: Եթե փողը փոխհատուցվի, ապա քրեական գործը կդադարեցվի: Ստացվում է, որ «Մերժիր Սերժին» ծրագիրն արժեր ընդամենը 1 մլն դոլա՞ր:

Ինչո՞ւ 2018 թվականի ապրիլ-մայիսին ակցիաներն անմիջապես չկանխեցին, ինչո՞ւ թույլ տվեցին վերցնել Ռադիոյի տունը, ո՞վ էր ֆինանսավորում ակցիաները, ինչպե՞ս ստացվեց, որ ֆուռերի վարորդները, որոնք թանկարժեք բեռ էին փոխադրում, ճանապարհները փակում ու գնում էին: Այսպիսի հարցերը շատ են»,- հայտարարեց քաղտեխնոլոգը:

Նա հավելեց, որ եթե Սարգսյանն առաջադրեր Կարեն Կարապետյանի կամ Վիգեն Սարգսյանի թեկնածությունը, այլ ոչ իր, ապա ոչ մի հեղափոխություն էլ չէր լինի: 

Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից ավելի քան 1 մլն դոլարի յուրացում կազմակերպելու մեջ: