Մեր հասարակությանը թույլ վիրուս են սրսկել. Վազգեն Մանուկյան. տեսանյութ

Պետք է առաջանա մի շերտ, որն անհնարին կդարձնի պոպուլիստական հեղափոխությունները. Վազգեն Մանուկյան. տեսանյութ

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ունեինք այնպիսի իրավիճակ, երբ գաղափարական հզոր կուսակցությունները կամաց-կամաց նվազել էին, կորցրել էին իրենց ազդեցությունը քաղաքական դաշտում, ինչը բերեց նրան, որ շատ ուժեղ կուսակցություններ քանդվեցին, և քաղաքական դաշտը որոշակի ամայացավ: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հավաքին հայտարարեց ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ նշելով, թե այդ ամայացած  տեղը զբաղեցրին քիչ թե շատ պոպուլիստական հոսանքի ներկայացուցիչներ:

«Պոպուլիզմը առաջարկում է ոչ այնքան նոր գաղափարներ, նոր կառույցներ, նոր համակարգ, որքան բոլոր չարիքների, դժբախտությունների, թերությունների մեջ մեղադրում է հենց իշխանավորներին, անձերին՝ մեղադրելով նրանց անբարոյականության մեջ, նրանք էլ ատելությունը դրոշ են դարձնում, որով հնարավոր է լինում գնալ առաջ»,-ասաց նա՝ նշելով, թե քաղաքական ամայացած դաշտում մնացին նաև դրսից դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպությունները:

«Դրանք, ի տարբերություն կուսակցությունների, ֆինանսական խնդիրներ չունեին, պաշտպանված էին, քանի որ իշխանությունները նրանց որևէ կերպ չէին կարող հետապնդել, որովհետև պաշտպանված էին Արևմուտքի կողմից»:

Ամայացման մյուս պատճառն, ըստ Մանուկյանի, այն էր, որ ժողովուրդը բացարձակապես օտարված էր իշխանություններից. մտածում էր՝ իշխանությունն ինչ ուզում է, անում է, և դա իրենից կախված չէ: Ամայացած դաշտում էլ, Մանուկյանի խոսքով, պայթյունի հետևանքով այս իշխանությունները եկան:

«Ոմանք գերագնահատում են, ասում են՝ իշխանության եկավ մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանը, դա այնքան էլ այդպես չէ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ունի այն իշխանությունը, որը նոր Հայաստանի պատմության մեջ ոչ մի նախագահ, վարչապետ չի ունեցել, բայց, այնուամենայնիվ իշխանության մեջ ես կնշեի երկու հոսանք. մեկը պոպուլիստական, մյուսը՝ նեոլիբերալիզմի, որն առաջ են տանում հասարակական կազմակերպությունները»,-ասաց Մանուկյանը:

Նա նշեց, թե հեղափոխություն անողները միշտ հպարտանում են, որ այսպիսի հեղափոխություն չի եղել աշխարհում, բայց պատմությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նման հեղափոխություններն աշխարհում բազմաթիվ են:

«Հեղափոխականներն առաջինը վերցնում են դատական իշխանությունը, հռչակում են, թե ներկայացնում են ժողովուրդը, և չեն ընդունում ժողովրդի այն հատվածի կարծիքը, որն «իրենցը» չէ: Քանի որ գտնում են, որ իրենք ժողովրդի փրկիչն են, նշանակում է, որ իշխանությունը ոչ մեկին չպետք է տան»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, թե այն երկու սյուները, որոնց վրա պետությունը կառուցված է, կորցնում ենք. «Մի հոսանքը՝ նեոլիբերալիզմը, քանդում է ազգային սյունը, մյուսը ջարդում է ժողովրդավարության սյունը. դրան պետք է դիմադրել»:

Ըստ Մանուկյանի՝ կարող է առաջին միտքը լինել այն, թե այս երևույթը հաղթահարելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն անել, բայց ինքն առաջարկում է այլ՝ ավելի բարդ տարբերակ:

«Մեր հասարակությանը մի թույլ վիրուս են սրսկել. մեր իմունային համակարգը պետք է դրա դեմ պայքարելու հակամարմիններ ստեղծի, որպեսզի ավելի լուրջ հիվանդությամբ չհիվանդանանք: Պետք է Հայաստանում առաջանա մի շերտ, որը հետագայում անհնարին դարձնի պոպուլիստական հեղափոխությունները: Ես ոչ կոչ եմ անում իշխանությանը պահել, ոչ՝ հանել, ես ավելի բարդ նպատակ եմ դնում՝ հասարակության մեջ ստեղծել այնպիսի մտածողություն, որը կապահովի Հայաստանն այդպիսի ցնցումներից»,-ասաց Վազգեն Մանուկյանը: