Բաքուն և Երևանը կարող են կորցնել վերջին շրջանում ձեռք բերված հաջողությունները. զեկույց

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պայմանավորվել են մարդասիրական նախագծեր սկսել ռազմաճակատի երկայնքով

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև փակուղային բանակցությունների վերսկսման հնարավորություն է բացվել. բանակցությունները կարող են այդ տարածաշրջանում տարիներ շարունակ աճող ռազմականացումից հետո կանխել նոր հարձակումները և հիմք հանդիսանալ հակամարտության վերջնական կարգավորման համար: Այս մասին ասված է «Դուրս գալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված փակուղուց» զեկույցում, որը հրապարակվել է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից։

Արդեն հիմա հայ-ադրբեջանական հարաբերություններում ձնհալը կրկին սառույցի վերածվելու նշաններ է ցույց տալիս։ Առանց առանցքային հարցերի (այն է՝ Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների և այնտեղ ապրող մարդկանց ապագան, միջազգային խաղաղապահության հեռանկարները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները) քննարկման  կողմերը կարող են փակուղի տանել բանակցությունները:

Զեկույցում նշվում է, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև «մեռնող խաղաղ գործընթացի հնարավորությունը» փակվի, Բաքուն և Երևանը կարող են կորցնել վերջին շրջանում ձեռք բերված հաջողությունները:

«Խելամիտ կլինի, եթե Երևանն ու Բաքուն անհապաղ գործեն: Նրանք կարող են բանակցություններ սկսել հակամարտության հիմքում ընկած հարցերի՝ Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ապագայի, միջազգային խաղաղապահների հնարավոր դերի, որ ամենակարևորն է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»,- ընդգծում են Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները:

Զեկույցում նշվում է, որ 2019 թվականի սկզբին առաջընթացը շոշափելի էր թվում. Բաքուն ավելի բաց էր վեճի կարգավորման ուղիների ուսումնասիրման համար: Երկու երկրների հարաբերությունները, որոնք սրվել են 1992-1994թթ.պատերազմից հետո, ինչպես նաև 2016թ. բախումներից հետո փոքր-ինչ «հալվել են»:

Զեկույցում նշվում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսումը թույլ տվեց նվազեցնել լարվածության մակարդակը և բանակցությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել:

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները ընդգծում են այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պայմանավորվել են մարդասիրական նախագծեր սկսել ռազմաճակատի երկայնքով և թույլ տալ լրագրողներին և հարազատներին այցելել ձերբակալված ռազմագերիներին: Սակայն այս մերձեցումն ու առաջընթացը չեն հանգեցրել խաղաղ բանակցությունների վերսկսմանը, եզրահանգում են զեկույցի հեղինակները:

Ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու համար Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները նշում են, որ Ադբեջանն ու Հայաստանը պետք է համաձայնության գան հետևյալ երեք հարցերի շուրջ:

• Լեռնային Ղարաբաղի հարակից 7 տարածքների ճակատագիրը
• Հավանական միջազգային խաղաղարար կամ մշտադիտարկման առաքելության կազմն ու մանդատը
• Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը

Ընդ որում, փորձագետները կարծում են, որ բանակցությունների համար պայմանների ստեղծման տարբերակ կարող է հանդիսանալ այն, որ Հայաստանը համոզի Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին դադարեցնել նոր բնակեցումների ծրագրերը:

Երկրորդ հարցի վերաբերյալ փորձագետները կարծում են, որ միջազգային խաղաղապահ կամ մշտադիտարկման առաքելությունը կարող է օգնել նվազագույնի հասցնել բռնությունը, պայմաններ ստեղծել խաղաղ համաձայնագրի կնքման համար և վերահսկել կամ ապահովել նման համաձայնագրի կատարումը, եթե այն ձեռք բերվի:

Երրորդ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, որը փորձագետների կարծիքով՝ հակամարտության հիմնաքարն է և կողմերի համար դժվար է այս հարցի շուրջ համաձայնության հասնել՝ հաշվի առնելով հարցի նրբությունն ու կողմերի դիրքորոշումները:

Զեկույցի հեղինակները վերջում նշում են, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են օգտվել վերջին ժամանակներս ստեղծված բարենպաստ պայմաններից և ուղիղ բանակցություններ սկսել դիմակայության հիմքում ընկած հարցերի շուրջ:

Ուղղակի բանակցությունները կարող են նվազագույնի հասցնել նոր պատերազմի ռիսկերը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշակի հույս վերակենդանացնել։

Նյութի աղբյուրը՝ tert.am