Արայիկ Հարությունյանն ընդդեմ պատգամավորների

Թեժ քննարկումներ՝ խորհրդարանական հանձնաժողովում

Այս օրինագծերի փաթեթով մենք ցանկանում ենք դպրոցականներին ավագ դպրոցում ուսումն ավարտելուց հետո վճարովի հիմքով քոլեջ կամ մասնագիտական ոսւումնարան ընդունվելու հնարավորություն ընձեռել։ Այս մասին Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Կրթության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 23-ին ասաց օրինագծի համահեղինակ, խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, փոխանցում է news.am-ը:

Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխման համատեքստում պետությունն ամրագրել է անվճար հիմունքներով միջնակարգ կրթություն կազմակերպելու և տրամադրելու և միաժամանակ պարտադիր կրթության մակարդակը բարձրացնելու պարտավորություն օրենքի շրջանակում (9-ամյա նախնական կրթությունից մինչև 12-ամյա միջնակարգ կրթություն)։ Դրա հաշվին, ինչպես նշեց պատգամավորը, պետությունը ստեղծել է երաշխիքներ և հիմքեր, որպեսզի երեխաները, ներգրավվելով կրթական գործընթացում, հետագայում դառնան այն զարգացած և գործուն երիտասարդությունը, որը կարող է լուծել սոցիալական խնդիրները։

«Միևնույն ժամանակ, պարզելով միջնակարգ կրթության պահանջարկը պրոֆեսիոնալ կրթություն ստանալու հնարավորության հետ միասին՝ մրցութային հիմքով, մենք բախվեցինք հակասության։ Ճիշտ նույն կերպ մասնավոր և պետական դպրոցները կարող են կազմակերպել իրենց ծառայությունները վճարի հիման վրա, և դա չի խախտի սահմանադրական նորմերը, քանի որ կոնկրետ դեպքերի և պայմանների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքի շրջանակում։ Բայց, ըստ էության,  գրանցումը սահմանափակ է պետական միջոցների անբավարարության և տեղերի սահմանափակ քանակության պատճառով»,- պարզաբանել է Հայրապետյանը։

Խորհրդարանականների օրենսդրական առաջարկությունը հանդիպեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի սկզբունքային և բավական համառ դիմադրությանը, որը մտահոգություն հայտնեց այդ օրենսդրական նախաձեռնության առիթով՝ ասելով, որ առաջադրված օրենսդրական փաթեթը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև ստեղծում է նորերը՝ ավելացնելով «գլխացավանքը» նախարարության համար։

Նախարարը մասնավորապես ասաց, որ ծնողները Հայաստանում հաճախ հաշվի չեն առնում շուկայի պահանջները և պարտադրում են իրենց երեխային այն կրթությունը և այն մասնագիտությունը, որը ոչ միայն մրցունակ չէ և պահանջված չէ աշխատանքի շուկայում, այլև երեխային էլ հետաքրքիր չէ, որը չի ցանկանում իր ժամանակը ծախսել իրեն ոչ պիտանի մասնագիտության վրա։

Հարությունյանը բազմիցս նշել է, որ հանրապետությունը լիքն է գործազուրկներով, որոնք չեն կարողնաում գործնականում կիրառել իրենց ունեցած մասնագիտական կրթությունը։

«Հիմա  դուք առաջարկում եք ավելացնե՞լ այդ դժբախտ մարդկանց թիվը։ Մենք պետք է հաշվի առնենք շուկայի պահանջները և ելնենք բացառապես դրանից... Այս օրենսդրական լրացումն իմաստ չունի, քանի որ, վերջնարդյունքում, մենք պետք է որոշենք, թե որ մասնագիտություններն են պահանջված, իսկ որոնք՝ ոչ»,- ասաց նախարարը։

Հարությունյանի հայտարարությունը դուր չեկավ պատգամավորներին, որոնք նրան հեղեղեցին հարցերով։ Քննարկումը ձգձգվեց։ Բոլոր կողմերը ներկայացնում էին իրենց փաստարկները և հիմնավորումները։ Խորհրդարանականները հայտարարում էին, որ Հարությունյանի գլխավորած նախարարությունը պարզապես ցանկանում է ազատվել լրացուցիչ պարտավորություններից և չի փորձում լուծել առկա խնդիրը։ Միևնույն ժամանակ, նրանք ընդգծեցին, որ քաղաքացիները պետք է գոնե իրավունք ունենան իրենք որոշելու, թե ինչ կրթություն են ցանկանում ստանալ և ինչպես։

Պատգամավորների առաջարկած օրենսդրական փաթեթը, վերջնարդյունքում, ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։