Վարչապետը կարող է պարզապես փոխել օրենքը

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի ցանկանում դա անել, քանի որ իրենից հետո եկող վարչապետները կարող են դրա անհրաժեշտությունն ունենալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե դեռ չի պատրաստվում դադարեցնել իր դստեր ավտոմեքենայի մասին խոսակցությունները:

Եթե կառավարության ղեկավարը երկու օր առաջ հատուկ ուղիղ եթեր մտավ ու բացատրեց ամեն ինչ, այսօր արդեն որոշել է ֆեյսբուքյան էջում մեկնաբանել ավտոմեքենայի մասին գրառում՝ այն անվանելով հումոր:

Հիշեցենք, որ երկու օր առաջ վարչապետը իր դստերը ծառայող ավտոմեքենայի առկայությունը բացատրեց օրենքի պարտադրանքով՝ նշելով, որ վարչապետի ընտանիքն օրենքով իրավունք չունի հրաժարվելու պետական պահպանության ծառայության մատուցած ծառայություններից:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե կարող են օրենքը փոխել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի ցանկանում դա անել, քանի որ իրենից հետո եկող վարչապետները կարող են դրա անհրաժեշտությունն ունենալ: Եվ որպեսզի նրանք բացատրություններ տալու պարտավորվածություն չունենան, օրենքն ավելի լավ է մնա ուժի մեջ:

Սակայն իրականում հարցը շատ պարզ լուծում ունի: Վարչապետին կարող են հուշել, որ օրենքի փոփոխության էլի կարելի է գնալ՝ պարտադիր պահանջը վերացնելով և այն ուղղակի կամավորով փոխարինելով:

Նյութի աղբյուրը՝ analitik.am