Դատարանը հեռացավ` քննելու Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու հարցը

Որոշումը կլինի վաղը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  ավարտել է երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ, Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը նշեց, որ որոշումը ամենայն հավանականությամբ, կլինի վաղը: Նա հավելեց, որ Ռազմիկ Աբրահամյանի առողջական վիճակը շատ ծանր է, հսկողության տակ է:

Նշենք, որ դատական նիստին ներկա է եղել նաեւ Ռազմիկ Աբրահամյանը, նա նշել է, որ իրեն վատ է զգում եւ ծննդատները որևէ առնչություն չունեն այս հարցի հետ:

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը  քննում է դատավոր Դավիթ Բալայանը: