Արդյո՞ք մեդիան չի լուսաբանել Խաժակյանի՝ հանցագործության մասին հաղորդումը. fip.am

Մարուքյանի պնդումների հետքերով

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու վերաբերյալ դեկտեմբերի 17-ին հրավիրված ասուլիսում (5:07 րոպե) հայտարարել է, որ ԶԼՄ-ները չեն լուսաբանել Խաժակյանի՝ քաղաքապետարանում  պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը։

«Դավիթ Խաժակյանը երեկ ամբիոնից բացահայտել է քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնեական կեղծիքը։ Կարո՞ղ եք ասել՝ ուր է դրա լուսաբանումը։ Չկա։ ….Եթե հանրային ընկալումն այն է, որ ավագանու անդամը պետք է պաշտոնեական կեղծիքը «ծամած» դնի դատախազության «բերանը»…, և դա չլուսաբանվի, որովհետև հետաքրքիր չէ մարդկանց, ուրեմն ավելի լավ է դուրս գանք (ավագանուց-խմբ.)», — ասել է Մարուքյանը։  

Ավելի վաղ՝ Երևանի ավագանու դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում, Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազություն։ Նա նշել էր, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, օրենքով չունենալով քաղաքապետին փոխարինելու և քաղաքապետի բացառիկ լիազորությունները կատարելու, այդ թվում՝ քաղաքապետի որոշումներ և կարգադրություններ ստորագրելու իրավասություն, մի քանի տասնյակ այդպիսի փաստաթղթեր է ստորագրել։  

Ինչպե՞ս են ԶԼՄ-ները լուսաբանել Խաժակյանի հայտարարությունը

Թեման համապետական սփռում ունեցող հեռուստաընկերություններից լուսաբանել է Հանրային հեռուստաընկերությունը «Լուրերի» գլխավոր թողարկման ընթացքում։ Լրագրողն ավագանու արտահերթ նիստին նվիրված 3 րոպեանոց ռեպորտաժից ավելի քան կես րոպեն նվիրել է Խաժակյանի՝ հանցագործության մասին հաղորդմանը։

Խաժակյանի հայտարարությանը «Շանթ» հեռուստաընկերությունն անդրադարձել է«Հորիզոնի» գլխավոր թողարկման շրջանակում։ Թեմայի մասին ռեպորտաժ է պատրաստել նաև Ազատության TV-ի լրատվական կենտրոնը։

Առցանց մամուլի առաջատար լրատվամիջոցները նույնպես ակտիվորեն լուսաբանել են թեման, դրանց թվում են տասնյակ հազարավոր հավանումներ ունեցող ֆեյսբուքյան էջերով այնպիսի կայքեր, ինչպիսիք են, օրինակ, 1in.am-ը, News.am-ը,   Factor.am-ը, Tert.am-ը, 168.am-ը և մի քանի տասնյակ այլ կայքեր։ 

Այսպիսով, Էդմոն Մարուքյանի այն պնդումը, թե Խաժակյանի՝ քաղաքապետարանում պաշտոնեական կեղծիքի դրվագով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ մամուլում լուսաբանում չկա, չի համապատասխանում իրականությանը։

fip.am