Սոնա Ղազարյան, դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ. նոր բոլոլա

Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է. պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանին  եթե ոչ մի բանով չհիշեք, անպայման կհիշեք, երբ արդարանում էր, որ ԱԺ-ում իր օգնականը ոչ թե  իր տեգրն է, այլ իր սկեսրայրի հարազատ եղբոր ավագ որդին է, այսինքն, հարազատ տեգրը չէ: Պատգամավորներից շատերին նման թեմաների մեջ կարելի է ճանաչել ու մտապահել։ Այն պատգամավորն է, որ ասում էր ստամբուլյան կոնվենցիան նույնասեռ ամուսնություններ թույլ չի տալու, կոնվենցիայի յուրաքանչյու բացասական շտրիխը հերքում էր։

Ազգային ժողովում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նա հայտարարեց, որ  վերջերս բախտ է ունեցել բացել այբբենարանը, որը հեղինակել է Վաչագան Սարգսյանը և ինքն ապշել է դասագրքերի լուսանկարներից։

«Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»,- շեշտել էր Ղազարյանը։

Ու ահա Վաչագան Սարգսյանը նրան պատասխանում է․

Վաչագան Ա. Սարգսյան

Սոնա Ղազարյան, Ազգային ժողովի պատգամավոր, ձեզ ասում եմ, որ դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ:
Իմ «Այբբենարանում» կան հազարավոր նկարներ: Դրանցից ընդամենը վեց նկարում կինը և տղամարդը /հայրը և մայրը/ միասին են:
Այդ նկարներից մեկում հայրը թերթ է կարդում, մայրը խոսում է հեռախոսով/ էջ26/:
Մյուս նկարում գյուղական պատկեր է: Այգում մայրիկը սփռոցի վրա ուտելիքներ է դնում, հայրիկը բզբզում է մեքենայի շարժիչը/էջ 29/:
Հաջորդ նկարում սեղանի շուրջ ճաշում է ողջ ընտանիքը/ էջ51/:
Մյուս նկարում կինը ջուր է տալիս ամուսնուն /էջ74/:
Մյուս նկարում հայրը, մայրը, երեխան՝ ուսապարկերը շալակներին սարերում են /էջ 81/:
Այսքանը: Հազարավոր նկարների մեջ չկա գեթ մի նկար, « որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ»:
Սա բացահայտ կեղծիք է, անբարոյական սուտ: Այս պատրաստի, անգիր արած կաղապարը թութակի պես կրկնել, բերել հագցրել է իմ «Այբբենարանին»:
Բայց սխալվել է աղջնակը և ստում է անողոք:
Ճիշտ է, «Այբբենարանում» ներկայացված են Հայկ Նահապետը, Սասունցի Դավիթը, Վռամշապուհ արքան, Մեսրոպ Մաշտոցը, ճարտարապետ Մոմիկը, զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը և այլ մեծ հայեր, որոնք էլ խառնել են աղջնակի գենդերային անդորրը:
Այսքան անպատասխանատու, գռեհիկ, ինքնահավան և տգետ մարդ վաղուց չէի տեսել:
Ուրեմն, այս աղջնակի կարծիքով 21 տարի աղբամանից են սնվել մոտ մեկ միլիոն երեխա, որոնք սովորել են իմ «Այբբենարանով»: Աղբամանից են սնվել տասնյակ հազարավոր ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ, ծնողներ: Ու հիմա ինքը եկել է ու փրկում է մեր հասարակությունը:
Ողբալի է և ամոթալի էս մակարդակի պատգամավոր ունենալը, որը կարող է լեզվի ճարպիկ շարժումով աղբաման նետել տասնյակ գործող դասագրքերի, մի քանի տասնյակ մեթոդական ձեռնարկների, ուսումնական պարագաների, գեղարվեստական, թարգմանական, մանկական մի քանի տասնյակ գրքերի հեղինակի գործը:
Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է իր կարծիքն արտահայտի պատգամավորի ակնհայտ կեղծիքի, հերյուրանքի և անբարո ստի վերաբերյալ:

Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am