Ուշագրավ. դիտողություն չանեք, առանց այն էլ խախտել ենք օրենքը. Փաշինյանները տեսանյութ են հրապարակել

Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ընտանիքով «փախել» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Փաշինյանը թեմայի շուրջ նաև գրառում է կատարել` նշելով, թե դա էլ իր դստեր` Շուշանի արձագանքն է «ջիփային սկանդալին»:

«Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»: Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երևում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տանու շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաև որպես ընտանեկան խոշոր իրադարձություն:

Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետևի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն: Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը: Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով»,- գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը, անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող թեմային առ այն, որ Մարիամ Փաշինյանը 27 հազար դոլար արժողությամբ մեքենա է գնել, գրել էր, թե ավտոմեքենան գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: «Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»,- գրել էր նա:

Tert.am-ը պետական գնումների էլեկտրոնային համակարգից տեղեկացել էր, որ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) կողմից մինչև 2018 թվականը Nissan ընկերության ավտոմեքենա առհասարակ չի գնվել։