Այս պայմաններում ծառայել պետական համակարգում` նշանակում է՝ ընդունել, որ կոռումպացված և թալանչի ես եղել

Նոր իշխանավորները վերամբարձ, արհամարական դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հայտնել է, թե ինչու չի աջակցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:

Մալյանը նաև մանրամասնել է, թե ինչու ինքն ու իր նման շատերը լսել անգամ չեն ցանկանում պետական աշխատանքի կամ պաշտոնի մասին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ ծանոթներիցս մեկին հանդիպեցի, ով հարցրեց, թե ինչո՞ւ ես չեմ աջակցում Փաշինյանի կառավարությանը: Ինչու՞ իմ գիտելիքները և փորձը չեմ ծառայեցնում պետական համակարգում:

Այսօր լավ տրամադրություն ունեմ և մեր իշխանության համար կբացատրեմ, թե ինչու ես ու իմ նման շատերը նույնիսկ լսել չեն ցանկանում պետական աշխատանքի կամ պաշտոնի մասին:

Չնայած նրան, որ ես պետական համակարգից դուրս եմ եկել հեղափոխությունից մեկ տարի առաջ, բայց այսօր որևէ ցանկություն չունեմ պետական ապարատ վերադառնալու հետևյալ պատճառներով:

1. Իշխանությունը հայտարարել է, որ մինչև 2018 թ. պետական բոլոր պաշտոնյաները կոռումպացված և թալանչիներ են: Այս թեզը երկու լուծում ունի, որից ոչ մեկը տեղի չի ունենում: Կամ ստեղծում են պայմաններ արդեն աշխատող մարդկանց նոր Հայաստանի պահանջներին բավարարելու համար, կամ աշխատանքից ազատում են ողջ պետական համակարգն ու զրոյից կադրեր են հավաքում: Իշխանությունը ոչ մի բան չի անում, ուստի այս պայմաններում ծառայել պետական համակարգում` նշանակում է ընդունել, որ կոռումպացված և թալանչի ես եղել:

2. Նոր իշխանավորները վերամբարձ, արհամարական դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ: Ընդ որում` դինամիկան հետևյալն է. որքան նորաթուխ իշխանավորն իր դիրքով ներքև է կանգնած Նիկոլ Փաշինյանից, այնքան ավելի ոչ կոմպետենտ է և ավելի կոպիտ է ինքնահաստատվում տարիքով ու կենսափորձով իրենից մի քանի անգամ մեծ մարդկանց նկատմամբ: Ինչի հետևանքով կենսափորձով կադրերը, մեղմ ասած, չեն տրամադրվում արդյունավետ աշխատանքի:

Առայժմ այսքանը, սրանք օգտակար խորհուրդներ են, որոնց մասին վարչապետին չեն զեկուցում, թե ինչքանով կօգտվեն իմ անշահախնդիր, բարի խորհուրդից` կերևա ապագայում: Եթե օգտվեն, էլի կտամ խորհուրդներ»: