«Հրապարակային շաբաթ». նոր հաղորդում՝ «Արմնյուզ»-ի և «Հրապարակ»-ի համագործակցության արդյունքում

Յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 20:15-ին օրաթերթի գլխավոր խմբագիրը և լրագրողները կամփոփեն շաբաթվա ընթացքում «Հրապարակի» գրած նյութերը

«Արմնյուզ» հեռուստաընկերության և «Հրապարակ» օրաթերթի համագործակցության արդյունքում եթերում կլինի նոր հաղորդում՝ «Հրապարակային շաբաթ»: Յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 20:15-ին օրաթերթի գլխավոր խմբագիրը և լրագրողները կամփոփեն շաբաթվա ընթացքում «Հրապարակի» գրած նյութերը:

Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց. ««Արմնյուզ» հեռուստաընկերությունից մենք առաջարկ ստացանք՝ եթերում ներկայացնել «Հրապարակի» շաբաթվա ամենահետաքրքիր նյութերը: Առաջարկը շատ հետաքրքիր էր և անսպասելի: Մենք չէինք կարող անգամ պատկերացնել, որ «Հրապարակը» կհայտնվի եթերում, հիմա, փաստորեն, դա իրականություն է, սա շատ ողջունելի է: Հաղորդում է լինելու շաբաթական մեկ անգամ՝ 20-25 րոպե տևողությամբ: Ճիշտ է, մենք հիմա շատ ծանրաբեռնված ենք աշխատում, բայց որոշեցինք անպայման ժամանակ գտնել և այս հաղորդումն անել: Դա նաև մեր աշխատանքի լայն լուսաբանմանը, քարոզչությանը կնպաստի»:

Նրա խոսքով՝ հեռուստադիտողին ներկայացվելու է «Հրապարակի» բացառիկ և լավագույն նյութերը: Գերակշռող է լինելու քաղաքական թեման, բայց Արմինե Օհանյանը վստահեցրեց, որ փորձելու են հավասարակշռությունը պահպանել նաև այլ ոլորտներ լուսաբանելու առումով:

«Հաղորդման նպատակը հետևյալն է. կան բազմաթիվ հոդվածներ, որոնք շատ ավելի հետաքրքիր են, բայց դուրս են մնում լայն ընթերցողի ուշադրությունից, քանի որ մամուլի տեսություն անող կայքերը, որպես կանոն, օգտվում են մեր լուրերի հատվածից և կիսով չափ են վերցնում հոդվածները: Եվ այսպես ասած, թաքուն նպատակ ունենք պրոպագանդել տպագիր մամուլը, ցույց տալ, որ թերթը և կայքը տարբեր բաներ են: Լավ, ուշադիր, հետաքրքրասեր ընթերցողը, նախընտրելի է, որ ավելի շատ թերթ կարդա, քան կայքերի տված ինֆորմացիայով բավարարվի»,- ասաց Արմինե Օհանյանը:

Օրաթերթի խմբագիրը նկատեց, որ Հայաստանի լրատվական դաշտում առաջին անգամ է, որ թերթը, հոդվածի հեղինակը պետք է ներկայացնի իր լավագույն հրապարակումները. «Շատ լավ միտք է: Փորձելու ենք այնպես անել, որ լրագրողներից յուրաքանչյուրը ներկայացնի շաբաթվա իր լավագույն հոդվածը: Ես հիմնականում նախաբան պետք է ասեմ, և հարցազրույցներ լինեն լրագրողների հետ: Ուզում ենք բնական զրույցի տեսքով լինի: Մեր լրագրողների համար մի քիչ անսովոր կլինի, իրենք տեսախցիկների հետ այդքան հաշտ չեն, բայց ժամանակի ընթացքում կսովորեն: Հուսանք՝ լավ կստացվի»,- նշեց նա: