«Ալիևը ստորագրել է գործողությունների պլան՝ «սև հունվարի» վերաբերյալ, իսկ ի՞նչ ենք անում մենք». Ա. Էլիբեգովա

Մարդիկ, որոնք փորձում են պիտակավորել այն մարդկանց, որոնք մտածում են և վերլուծում, գլուխները «պատով են տվել»

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան, այսօր «Ադեկվադ» միաբանության կազմակերպած «Ադեկվադ դիսկուրսի» ժամանակ անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացին, ասաց.

«Ես առողջ ազգայնական եմ, տգետ չեմ, խավարամիտ չեմ և պնդում եմ, որ ազգային անվտանգության հարցերի մասին մտահոգվելը, տեսնելը, հաշվարկելն ամոթ չէ։ Մարդիկ, որոնք փորձում են պիտակավորել այն մարդկանց, որոնք մտածում են և վերլուծում, գլուխները «պատով են տվել»։

Մենք դեպք ունեցանք, երբ ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը պղծեցին և մեկ ամիս առաջ զգուշացրել էին, որ դա անելու են։ Երբ Ալիևը խոսում է թուրքական աշխարհի միավորման համար միակ խանգարող հանգամանքից՝ Զանգեզուրից, և ակնարկում, որ Արցախից հետո հաջորդը Զանգեզուրն է, քանի՞ հոգի դրա մասին իմացավ»,- նշեց փորձագետը։

Ինչ վերաբերում է վերջերս Հայաստանից, Արցախից  ու Ադրբեջանից լրագրողների փոխայցերին, Անժելա Էլիբեգովան նշեց, որ Հայաստան գալով՝ ադրբեջանցի լրագրողները հավաքել են հայերի մասին իրենց միֆերը, այն է, որ Հայաստանում ամեն ինչ շատ վատ է, սով է, նրանց ամբողջ քարոզչությունը կառուցվել է այն բանի շուրջ, որ Արցախում հայերը վախենում են պատերազմից, հասարակության մեջ կա պառակտում, և այլն։

«Թե այս ամենը մեզ ինչ տվեց, դժվար է ասել։ Բայց մենք ինչո՞վ ենք պատասխանում քարոզչական պատերազմին։ Երեկ փաստացի Ալիևն արդեն ստորագրել է գործողությունների պլան «սև հունվարի» վերաբերյալ։ Իսկ ի՞նչ ենք անում մենք»,- նշել է Անժելա Էլիբեգովան։