Ֆրեզնոյի հայ համայնքը կհոգա Վարդենիսի բժշկական կենտրոնի վերանորոգման և վերազինման ծախսերը

Վարդենիսի բժշկական կենտրոնը «վտարանդի» կարգավիճակում է

Առողջապահությունը ազգային ու պետության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է:

Մեր երկրին անհրաժեշտ է առողջ քաղաքացի` անկախ բնակության վայրից: Հենց այդ պատճառով պետք է բարեփոխումների ալիք բարձրացնել առողջապահության բնագավառում` հատկապես մարզերում, որտեղ չկան համապատասխան բուժսարքավորումներ, շենքային պայմաններ:

Թարմացումները տեղի են ունեցել միայն հատուկենտ առողջապահական հաստատություններում, որոնց տնօրեններին հաջողվել է դրամաշնորհների ու նվիրատուների միջոցով կոնկրետ ծրագրերի շրջանակներում ինչ-ինչ սարքավորումներ ձեռք բերել: Եթե մայրաքաղաքում վաղուց արդեն օգտագործվում են նորագույն սարքավորումներ, ապա մարզերում շատ դեպքերում դեռ պահպանվում են խորհրդային ժամանակներից մնացած բժշկական սարքավորումներ, դրա վառ օրինակն է Վարդենիսի բժշկական կենտրոնը, որը այսպես ասած «վտարանդի» կարգավիճակում է:

Կենտրոնում չկան համապատասխան լաբորատոր սարքավորումներ, չկա վիրահատական համապատասխան սրահ, չկան մինիմում ապահովված հիվանդասենյակներ: Իսկ մասնագիտական առումով բուժանձնակազմը չի զիջում մայրաքաղաքի բժիշկներին, սակայն վատթարագույն պայմաններից ելնելով բնակչության մոտ պակասել է վստահությունը բժշկի հանդեպ: Ահա այս ամենը ազդում է, որ այսօր Վարդենիսի ԲԿ-ում ունենք դեպք` նորածնի մահ:

Այս ամենը ձեր սրտի նախարարի ոչ պատշաճ մենեջմենտն է, ոչ պատշաճ ֆինանսական բաշխումները: Այսօր նախարարի աթոռին բազմած անձը ամբողջ ֆինանսները ուղղում է ազգակործան գործի` գարդասիլի, սանիտարական ավիացիայի, հակածխախոտային գովազդի վրա, քանի որ այսպես ասած «ատկատները» գայթակղիչ են իր իսկ համար:

Չնայած ի՞նչ պահանջես մարդուց, ով բժիշկ լինելով, սառնասրտորեն խոսում է մանկական դագաղներից:

Հ.Գ. Տեղյակ լինելով Վարդենիսի բժշկական կենտրոնի անմխիթար վիճակից, վերջերս իմ լավ ընկերոջ` Ֆրեզնոյի հայ համայնքի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ այցելեցինք Վարդենիսի բժշկական կենտրոն: Հայ ազգի, և իմ լավ ընկեր` պարոն Աբգարյանը խոստացավ, որ հաջորդ տարի 2020 թվականին, Ֆրեզնոյի հայ համայնքի բարեգործական հիմնադրամից որոշակի գումար կհատկացվի Վարդենիսի բժշկական կենտրոնի վերանորոգման և վերազինման համար: Ահա այսպիսին պետք է լինի ազգի մասին մտահոգ մարդը:

Նունե Ներսիսյանի գրառումը