Ինչքան Փաշինյանը մնա իշխանության, դատարանները «բռնաբարվելու» են, ԱԺ-ում լինելու են տխմար բենեֆիսներ. Կ. Տեր-Նակալյան. տեսանյութ

Այս ԱԺ-ն ձևավորվել է ապօրինության սկզբունքով. ընդդիմադիր գործիչ

Այս Ազգային ժողովը ձևավորվել է ապօրինության սկզբունքով և սահմանադրական կարգի տապալման արդյունքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«2018թ. հոկտեմբերի 2-ին (այդ օրն ԱԺ-ի կողմից «ԱԺ Կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին որոշում ընդունվեց - Tert.am) տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, երբ ԱԺ-ի վրա ճնշում գործադրելով՝ հնարավոր դարձավ հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դա քրեորեն պատժելի արարք է»,-ասաց Տեր-Նակալյանը:

Նրա խոսքով՝ այս մեկուկես տարվա ընթացքում կատարվողն ամենաարդար բանն էր, որ պետք է լիներ հանրության հետ: «Ես չեմ վիճարկում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում հայտնվել են լրիվ արդար և օրինական ճանապարհով այն առումով, որ ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվել, մարդիկ գնացել ու իրենց ուզելով ընտրել են»,-նշեց նա՝ ընդգծելով նաև, թե անհնար է լուրջ խոսել այս խորհրդարանի մասին:

Ըստ բանախոսի՝ այս պահին պետք է կենտրոնանալ օրակարգի թիվ 1 ու միակ ակտուալ հարցի շուրջ՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը: «Մեկուկես տարի է՝ քաղաքական ու հասարակական տարբեր միավորումներ, որոնք այս կամ այն չափով իրենց ընդդիմադիր կեցվածքն են դրսևորում պետական հեղաշրջման արդյունքում իշխանությունը բռնազավթած այս միավորների ու նրանց կամակատարների նկատմամբ, արդեն ժամանական է, որ մանր, միջին կամ գուցե խոշոր թեմաներից  գան ու հանգեն Արցախյան հիմնախնդրին»,-ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ նշելով, թե «Ադեկվադն» առաջարկում է, որ օրակարգ մտնի Արցախ-Հայաստան ռազմական դաշինքի հարցը: 

«Ինչքան Փաշինյանը մնա, դատարանները «բռնաբարվելու» են, ԱԺ-ում լինելու են տխմար բենեֆիսներ: Այսինքն՝ այս իշխանություններից ու դրանց բոլոր օղակներից սպասել որևէ ողջախոհություն և շրջահայացություն, մանկամտությունն է»,- ամփոփեց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամը:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում: