Հրաձգություն՝ Չեխիայում. զոհվել է առնվազն վեց մարդ

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին

Հրաձգություն է տեղի ունեցել Չեխիայի արեւելքի Օստրավա քաղաքի հիվանդանոցում, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն վեց մարդ: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարար Ադամ Վոյտեխին:

Ավելի վաղ չեխական ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի իշխանություններին, հայտնել էին չորս զոհվածի եւ երկու ծանր վիրավորվածի մասին:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին: Նախնական տվյալներով՝ միջին տարիքի անհայտ անձը, որը կարմիր կիսավերարկուով էր, սկսել է կրակել հիվանդների ու անձնակազմի վրա: Ինչպես նշում է BBC-ն, սկզբնապես հաղորդվել էր, որ հրաձիգը ձերբակալված է, բայց հետո ոստիկանությունը ճշտել է, որ նրան դեռեւս որոնում են:

Հրաձգության շրջանից տարհանվել են տասնյակ մարդիկ: Պատահարի վայրում աշխատում են ոստիկանությունն ու փրկարարները: