Թշնամանք ու մեկուսացում. «Հրապարակ»

Գործող իշխանությունը չհասկացավ, որ այս պառակտումը, թշնամանքի ու թշնամիների փնտրտուքը մեկուսացման ու հասարակությունից օտարման ճանապարհն է

Մեր ժողովուրդը կարոտ է միասնականության, համերաշխության, միաբանվելու՝ ոչ թե միասնականության ու համերաշխության լոզունգների, այլ իրական համերաշխության ու միասնականության։ Դա է պատճառը, որ միշտ շահել են այն անձինք եւ ուժերը, որոնք կարողացել են կոնսոլիդացնել մարդկանց, իրական համերաշխության հասնել՝ անգամ թվացյալ հակառակորդների հետ։

Եթե հետահայաց նայենք մեր պատմությանը, ապա կտեսնենք, որ իրական հաջողություն արձանագրել են հենց նման միավորները՝ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան,  Ստեփան Դեմիրճյան-Արամ Սարգսյան եւ մյուսներ։ 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն իր շուրջը հավաքեց տարբեր ուժերի եւ մարդկանց։ Վերջապես՝ 2018-ին էլ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի գաղտնիքը համազգային միասնականության մեջ էր։

Սակայն հեղափոխությունից հետո սկսվեց պառակտման ու տարանջատման, թշնամիներ փնտրելու եւ յուրայինների կորցնելու կործանարար ընթացքը։ Մարդիկ, մեծ հաշվով, չհասկացան, թե ինչու Նիկոլ Փաշինյանը «չսիրեց» արցախյան իշխանություններին եւ հրաժարվեց Բակո Սահակյանի մեկնած ձեռքը բռնելուց։ Անգամ եթե Բակո Սահակյանին հնարավոր է նախկին իշխանությունների ներկայացուցիչ համարել, բայց ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը չհասցրեց էլ նախկինների հետ աշխատել, եւ կարելի էր գոնե նրան ներգրավել պետական գործընթացների մեջ, մինչդեռ Արմեն Սարգսյանի դեմ բացասական վերաբերմունքը չէին թաքցնում անգամ իշխանական երկրորդ էշելոնի մարդիկ։

Համերաշխությունը պահպանել չի հաջողվում ոչ միայն Փաշինյանի ընտրվելուն մեծապես աջակցած ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ, անգամ ՀԱԿ-ը «մերժման» ճանապարհին է։ Գործող իշխանությունը չհասկացավ, որ այս պառակտումը, թշնամանքի ու թշնամիների փնտրտուքը մեկուսացման ու հասարակությունից օտարման ճանապարհն է։