Վարորդը յուրաքանչյուր 10 օրվա համար տուգանվելու է 5000 դրամով

Միսակյանն ընդգծեց, որ առանձին ԱՊՊԱ չանելու արդյունքը կարող է լինել ողջ համակարգի փլուզումը

Այսօրվանից ԱՊՊԱ չանելու դեպքում յուրաքանչյուր 10 օրվա համար վարորդը տուգանվելու է 5000 դրամով, armdaily.am-ի հետ զրույցում «Անվտանգ երթևեկություն» ՀԿ նախագահ Անդրեյ Միսակյանն ասաց, որ իրականում երևույթը նոր չէ, օրենքը կար, սակայն չէր կիրառվում։

«Բանն այն է, որ չէին կարողանում հասկանալ, թե որ մեքենան է Հայաստանում, որ մեքենան Հայաստանում չէ։ Տուգանքը սահմանվում է «Վարչական իրավախախտումների մասին օրենքի» 129-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ էության՝ այստեղ ոչինչ չի փոխվել, օրենքը չէր գործում, քանի որ չէին կարողանում հասկանալ թե մեքենան ով է օտարել օտար պետությունում, չէին կարողանում հասկանալ՝ ով է առանց առք ու վաճառքի, անվանափոխել մեքենան։ Սակայն հիմա արդեն հաշվառման համակարգ է ներդրվել, համագործակցում են համապատասխան մարմինների հետ, որ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ով է Հայաստանում, ով՝ ոչ։ Հետևաբար՝ այսուհետ օրենքը կսկսի աշխատել»։

Միսակյանն ընդգծեց, որ առանձին ԱՊՊԱ չանելու արդյունքը կարող է լինել ողջ համակարգի փլուզումը, քանի որ հաշվված է, որ եթե 500 հազար մեքենա տարեկան ԱՊՊԱ անի, ապա մեքենայի ԱՊՊԱ-ի արժեքը կկազմի որոշակի գումար, որն էլ հնարավորություն կտա փոխհատուցում տրամադրել վթարների համար։

«Եթե օրինակ Հայաստանում 8000 մեքենա ԱՊՊԱ չանի՝ դա համակարգը կխարխլի, քանի որ համապատասխան հավաքագրում չի իրականացվի։ Մինչդեռ, վթարներ միշտ էլ լինում են»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե որևէ մեկը չի շահագործում ավտոմեքենան, ապա պետք է պետհամարանիշը հանձնի ։