1 ժամվա ընթացքում դանակահարության 2 դեպք՝ Երևանում

Հիվանդանոցներ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, 1 ժամվա ընթացքում 2 դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:45-ի սահմաներում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, մեջքի հատվածում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Քանաքեռ 6 –րդ փողոցի բնակիչ, 20-ամյա Սամվել Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Հաղթանակ» զբոսայգում դանակահարության հետևանքով: Նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք դեպի որովայն, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Դարձյալ նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նավասարդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սարդարյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ով, ըստ բժիշկների հայտարարության՝ ի վիճակի չէ բացատրություն տալու կատարվածի մասին, Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 27-ամյա Իշխան Ս.-ն է, ով վնասվածքը ստացել է դանակահարության հետևանքով:

Փաստի առթիվ քննիչ Սարդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: