Այն ունի բավականին գրավիչ, հաճելի, գայթակղող տեսք ու արտաքին. Նիկոլ Փաշինյանը՝ կոռուպցիայի մասին

Կոռուպցիայի մեզ հայտնի ձևերի նկատմամբ, այսպես ասած, արգելքներ սահմանելը չի նշանակում երաշխավորված լինել կոռուպցիայի մեջ ներքաշվելուց

Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չկան կոռուպցիոն երևույթներ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, Հայաստանում կա քաղաքական կամք կոռուպցիան արմատախիլ անելու համար. «Մենք արձանագրել ենք, որ նույնիսկ մեր ամենամերձավոր թիմի անդամները, մեր ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որևէ ներում և բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու պարագայում:

Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ, երբեմն այն ունի բավականին գրավիչ, հաճելի, գայթակղող տեսք ու արտաքին: Այս առումով խնդիրն ավելի է բարդանում: Մենք արձանագրել ենք, որ ուղղակի կոռուպցիայի մեզ հայտնի ձևերի նկատմամբ, այսպես ասած, արգելքներ սահմանելը չի նշանակում երաշխավորված լինել կոռուպցիայի մեջ ներքաշվելուց»:

Փաշինյանը նշել է, որ երբեմն կոռուպցիան կառուցվում է գեղեցիկ նախադասությունների ներքո, տեղեկատվության բացակայությունից օգտվելու շնորհիվ. «Մի հետաքրքիր ինստիտուտ կա՝ «Ես ձեզ ասել էի»: Սա այն է, երբ ինչ-որ մեկը ձեզ շշուկով մի բան է ասում, որը երբեմն հնարավոր չէ ամբողջությամբ հասկանալ: Հետո կարող է ծագել իրավիճակ, որի մասով զարմանք է առաջանում: Իսկ երբ հարց ես տալիս, ասում են՝ «Ես ձեզ ասել էի»»: