Հեսա փետերն առնելու եք, ընկնեք մեր հետեւից. Փաշինյանը` գյուղացուն

Ասելու ենք` եղբայր, էս հողը, որ ստեղ մնացել է ու գնացել ես Ռուսաստան, չես մշակում, մենք վարձակալության սակագին ենք սահմանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  այսօր` դեկտեմբերի 7-ին, Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում գյուղացուն առաջարկեց հողը վարձակալության տալու մի նոր մեխանիզմ:

«Հեսա գալու ենք  ձեզ բան առաջարկենք, դուք կռիվ եք անելու մեզ հետ, փետերն առնելու եք ընկնեք մեր հետեւից: Ասելու ենք` եղբայր, էս հողը, որ ստեղ մնացել է ու գնացել ես Ռուսաստան, չես մշակում, մենք վարձակալության սակագին ենք սահմանում, մենք առանց քեզ հարցնելու վարձով վերցնում ենք ու քո վարձի փողն էլ տալիս ենք քեզ ու տալիս ենք հարեւանին, ասում ենք` մշակի դու»,-ասաց Փաշինյանը: 

Շիրակամուտի բնակիչն էլ մեկ այլ առաջարկ արեց վարչապետին, ասաց, որ իրենք եթե այդ հողերը մշակում են եւ հարկ էլ վճարում են, ապա գոնե այդ տարվա համար ընտանիքի անդամներից մեկի անունով աշխատանքային ստաժ գրանցվի եւ դա խթան կլինի, որ իրենք վճարեն հարկերը:

Փաշինյանն էլ պատասխանեց, որ բնակիչները կարող են միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին եւ վճարումներ կատարել, արդեն կենսաթոշակային տարիքում նորմալ թոշակ ստանան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Լոռու մարզ: Նշենք, որ նա այսօր նաեւ եղել է Շիրակամուտ, Լեռնանցք գյուղերում, Սպիտակում էլ մասնակցել է  ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը:

news.am