Ատոմ Ջանջուղազյանը դեմ է Արսեն Թորոսյանի նախագծին

Մի կողմից հարկերի բեռի նվազեցում ենք նախատեսում, մյուս կողմից՝ հարկերի բեռն ենք ավելացնում

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տարվա ամփոփիչ ասուլիսին ներկայացրեց մինչև 2023 թվականի ռազմավարությունը և դրանց մեջ ծրագրային դրույթները: Ինչ վերաբերում է հարցերին, թե որտեղ է այս ռազմավարությունում հեղափոխությունը, և քաղաքացին երբ կզգա փոփոխություն, նա ասաց, որ իրենք չեն սպասում մինչև 2023 թվականը, քաղաքացին այսօր էլ է զգում փոփոխություն: 

«Այն քաղաքացիները, որոնք այս նախածում թիրախավորված են որպես շահառուներ, չեն կարող փոփոխությունները չտեսնել: Մի մասի համար հիմա կփոխվի կյանքը, մի մասի համար՝ հաջորդ տարի, մի մասն ինքն իր համար կփոխի այս ընթացքում: Եթե կարծում էիք, թե ձեր սպասած հեղափոխությունը կփոխեր նաև իմ անուն ազգանունը, պետք է հիասթափեցնեմ, որովհետև չի փոխվելու, ես շարունակելու եմ մնալ այնպիսին, ինչպիսին կամ՝ անուն ազգանունի առումով»,-tert.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Ինչ վերաբերում է առողջապահության հարկին և Ֆինանսների նախարարության դիրքորոշմանը, Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, թե իրենք ինչու են դեմ: «Մի կողմից հարկերի բեռի նվազեցում ենք նախատեսում, մյուս կողմից՝ հարկերի բեռն ենք ավելացնում, իհարկե, դա վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց դա բեռ է տնտեսության վրա»,-ասաց նա և նշեց, որ դեռ վաղ է այդպիսի որոշումների մասին խոսելը, և հարցը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա:

Ըստ ֆինանսների նախարարի` կան նաև այլ փաստարկներ, որոնք պետք է ուշադրության արժանանան: «Մյուս կողմից էլ՝ առողջապահության համակարգում պետական բյուջեից կատարվող ծախսերից բացի, տարբեր գնահատականներով, երկու այդքան էլ ծախսվում են  քաղաքացիների կողմից, սակայն նույնիսկ այդ պայմաններում քաղաքացիների վերաբերմունքն այդքան էլ բավարարված չի կարելի համարել: Միգուցե այլընտրանքային տարբերակներ է պետք քննարկել, նաև տարբերակներ՝ այդ ծախսվող միջոցները ուղղորդելու, որ հնարավոր լինի ապահովագրության խնդիրը լուծել` միաժամանակ չբարդացնելով այդ բեռը տնտեսվարողների վրա: Իմ նախընտրած շեմը զրոն է, սակայն հարցը չափի մեջ չէ, ուղղության մեջ է»,-ասաց նա:

Անդրադառնալով Ֆինանսների նախարարության աշխատակազմին, նա նշեց, որ ներկայումս թերհամալրվածություն կա: «Նախատեսված 530 հաստիքակազմից 400-ն է զբաղված»,-ասաց նա: