Որևէ զիջում չի լինելու. Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի մասին

Այն ուժերը, որոնք չհայտնվեցին խորհրդարանում, դա նույնպես ՀՀ քաղաքացիների կամքն էր

«Այն միտումը, որով փորձ է կատարվում որակել ամենը՝ որպես քաղաքական հետապնդում, իհարկե, չի կարող ընդունելի լինել և տեղ գտնել ՀՀ-ում»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի ասուլիսի ընթացքում արված հայտարարություններին

Լիլիթ Մակունցը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու և դրան հետևած ՀՀԿ հայտարարության առնչությամբ նշեց, որ անընդունելի է գործընթացը քաղաքական որակելը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ նույնը օրը Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուց բացի, ձերբակալվեց նաև ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը. «Եթե կոռուպցիայի դեմ մղվում է պայքար, չկա որևէ զիջում այդ առումով: Կապ չունի մեր թիմակիցն է, թե ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ է: Այնպես որ, բոլոր նմանատիպ որակումներն անընդունելի են»:

Լիլիթ Մակունցը կեղծ օրակարգ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները. «2018 թ. դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև ՀՀ քաղաքացիներն էին դա պահանջել: Իսկ այն ուժերը, որոնք չհայտնվեցին խորհրդարանում, դա նույնպես ՀՀ քաղաքացիների կամքն էր»,- ասաց նա: